Ավետիսյանների սպանության գործով դատարանը մերժել է սպանված Ավետիսյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ դատարանի դահլիճից ռուսական համազգեստով զինվորներին դուրս բերելու վերաբերյալ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ավելի վաղ Սաքունցը նման միջնորդություն էր ներկայացրել: Մյուս տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները եւս միացել էին այդ միջնորդությանը:

Դատավոր Հարություն Մովսիսյանի կարծիքով, ամբաստանյալ Վալերի Պերմյակովը ՌԴ կողմից դատապարտված անձ է: Ի պատասխան Սաքունցը հայտարարել է, որ դատարանն իր նման որոշմամբ խախտում է Հայաստանի օրենսդրությունը, եւ նման պայմաններում դատավարությունը շարունակելը խնդրահարույց է:

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով: