Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական փոփոխությունները օր առաջ պարտադրում են, որ Հայաստանը վերջապես զբաղվի իրական դաշնակիցներ գտնելու աշխատանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Ավետիս Մարգարյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի անհուսալիությունն արդեն փաստերով է ապացուցված: <Նախորդ շաբաթ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն ընթերցեց հայտարարություն, որում թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը կոչվեց <ագրեսիայի դրսեւորում ու հարված թիկունքին>, այսինքն՝ նույնությամբ կրկնեց ռուսական պաշտոնական դրսեւորումը: Դրանից հետո ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, հայտարարեցին, որ այդ հայտարարության հետ ընդհանրապես համաձայն չեն, իսկ Հայաստանի ԳՇ պետն ընդհանրապես իրենց երկրների անունից նման հայտարարություն կատարելու իրավունք չունի: Հայտարարության տարածման իրավական տեսանկյունը վիճելի է քանի որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, սակայն դա կարեւոր չէ: Պետք է հասկանալ, որ հայտարարության վերաբերյալ արագ ռեակցիան կապված է Թուրքիայի հետ: Կենտրոնական Ասիայի դաշնակիցները չվարանեցին Թուրքիային պաշտպանելու հարցում, այսինքն՝ <դեռ կռիվը չսկսկած> Ռուսաստանին պարզ հասկացրին, որ՝ դաշնակից, մենք չենք քննադատում թուրքերին ձեր ռմբակոծիչը կործանելու համար: Կարծում եմ, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ անդամակցության փաստը, որեւէ կերպ, համենայն դեպս Հայաստանի համար այլեւս գործոն չէ>,- ասաց Մարգարյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից որդեգրած նեոօսմանյան գաղափարախոսությունն արդեն իրագործման ակտիվ փուլ է անցել: Թուրքերը փաստացի վերահսկողություն են հաստատում Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում, եւ Ռուսաստանին ապացուցում են, որ այսուհետեւ իրենց հետ պետք է հաշվի նստել՝ առայժմ Մերձավոր Արեւելքում, սակայն առաջիկայում կփորձեն նաեւ ապացուցել, որ նաեւ Հարավային Կովկասի հարցերի շուրջ էլ պետք է Անկարային հաշվի առնել: <Դրա ուղիղ ապացույցն է Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի կատարած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցով: Հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններն ավելի ակտիվացան դեկտեմբերի սկզբին նրանց կատարած հայտարարություններից հետո: Իմ կարծիքով, մեր իշխանությունը, որի ներկայացուցիչների աշխարհայացքը ձեւավորվել է ԽՍՀՄ տարիներին, չեն կարողանում տեսնել ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերն ու վերլուծել այն: Նրանց համար, ինչպես յուրաքանչյուր <սովետական մարդու համար>, գոյություն ունի միայն Ամերիկա ու Ռուսաստան, չեն կարողանում հասկանալ, որ մեր տարածաշրջանում այս երկու պետությունների ազդեցությունը նվազում է: Տարածաշրջանում այժմ գոյություն ունեն նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի շահեր, ու այս պետությունները դրանք գործնականում իրականացնելու փուլում են: Եվրամիությունն այս պարագայում ընդհանրապես գործոն չէ, քանի որ այն սեփական շահերը պաշտպանող ռազմաքաղաքական դաշինք չունի, իսկ ՆԱՏՕ-ն ԵՄ-ի իրական շահերը պաշտպանում է մասնակի>,- կարծիք հայտնեց փորձագետը:
Մարգարյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներսում էլ խնդիրներ են առաջացել, որոնք հավանաբար կառույցի վերակազմավորման եւ որոշ երկրների անդամակցության դադարեցման կհանգեցնեն: Այս պարագայում ուշագրավ է Սաուդյան Արաբիայի ստեղծած եւ 34 երկրներից բաղկացած Իսլամական պետությունների ռազմական դաշինքը, ու դաշինքին Թուրքիայի անդամակցությունը: Կոալիցիան ստեղծվել է ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի համար, սակայն դրան չեն անդամակցել ԻՊ դեմ իրականում պայքարող Իրաքն ու Սիրիան: <Ոչ մի շիա մահմեդական երկիր այս դաշինքին չի անդամակցել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրականում դա Սաուդյան Արաբիայի խալիֆայության վերաստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլն է կամ հիմնարկեքը, որի վրա հետագայում փորձելու են ձեւավորել նոր աշխարհաքաղաքական միավորը: Եթե նայենք քարտեզին, ապա պարզ է, որ ստեղծվել է գերհզոր մի կառույց, որն ունի մարդկային, տարածքային, էներգակիրների եւ այլ բնական հարստությունների հսկայական պոտենցիալ: Խալիֆայության հոգեւոր կենտրոնի դերը կստանձնի Սաուդյան Արաբիան, այսինքն՝ կլինի խալիֆ, իսկ քաղաքական-վարչարարական կենտրոնի դերը կստանձնի Թուրքիան, այսինքն՝ կլինի սուլթան: Հասկանալի է չէ՞, որ թուրքական նեոօսմանական քաղաքականությունն ու խալիֆայության վերականգնումը իրարամերժ գաղափարներ չեն>,- նշեց Մարգարյանը՝ ավելացնելով, որ իսլամական կոալիցիայի շահերը երկարաժամկետ կտրվածքով բախվում են ԱՄՆ, ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի, Հնդկաստանի, եւ Հարավամերիկյան երկրների շահերին:

Նրա խոսքով՝ առաջիկայում կլինեն համաշխարհային շատ խոշոր փոփոխություններ, թե քաղաքական եւ թե ռազմաքաղաքական ուղություններում: Արդեն հստակ է, որ ագրեսիվ իսլամական գաղափարախոսությունը անցել է քաղաքականության դաշտ, ու կոնսոլիդացնում է երկրներին ոչ թե պարգպատիզմի հիման վրա, այլ՝ կրոնական: <Այս պարագայում Հայաստանի դիվանագիտությունը, որը վերջին տարիներին լեթարգիական քնի մեջ է, վերջապես պետք է արթնանա ու անցնի գործողությունների: Հայաստանը պետք է իրական դաշնակիցներ փնտրի հենց Թուրքիայի հարեւան պետությունների շարքում: Իրանը, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Սերբիան, Սլովենիան, Չեխիան, Սլովակիան, Ռուսաստանը: Նրանք մեր համար բնական ռազմական դաշնակիցներ են: Այս եւ շատ այլ ժողովուրդներ դեռ չեն մոռացել Օսմանյան կայսրության տարիների կոտորածները, բացի դրանից նրանց ազգային շահերից է բխում նեոօսմանյան Թուրքիային զսպող մեխանիզմներ մշակելը: Այս երկրների հետ առկա են լավ  հարաբերություններ, սակայն ռազմաքաղաքական համագործակցության անցնելու համար անհրաժեշտ է հզոր հիմնական գործընկեր: Ռուսաստանը մեր համար լավագույն տարբերակը չէ, բայց այս պարագայում այլընտրանք՝ ցավոք չկա: Ռուսները վերջին տարիներին ապացուցել են, որ վստահելի գործընկեր չեն, որ կարող են դաշնակցի թշնամուն էլ զենք վաճառել, ու միջազգային ատյաններում չաջակցել, բայց ստեղծված իրավիճակում, երբ Թուրքիան մեծ պլաններ ունի ողջ Կովկասի, Թաթարստանի եւ ՌԴ այլ տարածքների վրա, ինձ թվում է, կարելի է խոհեմություն ակնկալել ռուսներից, առաջարկել իրական ռազմաքաղաքական բլոկի ստեղծում: Կարծում եմ բոլորի համար ընդունելի կլինի այս դերում տեսնել Ռուսաստանին, ճիշտ է կան բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, բայց օրեցօր արագ զարգացող աշխարհաքաղաքական իրավիճակը դրդում է բոլորին, որ հարցերը վերանայվեն: Ես բնականաբար չեմ հավատում, որ նշված երկրները կլինեն Հայաստանի համար <մարտի հավատարիմ ընկերներ>, բայց պարզ է, որ կլինեն ավելի ընդունելի ու կանխատեսելի, քան Կենտրոնական Ասիայի ղազախներն ու ղրղզները>,- ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ շուտով տեսանելի կլինի նաեւ Իսլամական կոալիցիայի ազդեցությունը նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչն իր հերթին ավելի կսրի Ռուսաստանի հետ շահերի բախումը Իսլամական կոալիցիայի հետ, ինչպես նաեւ կակտիվացնի մինչեւ այժմ իրեն հանգիստ դրսեւորող Չինաստանին, որն ունի ապստամբ թյուրք ույգուրների խնդիր իր տարածքում:

Փորձագետի կարծիքով՝ բացի Չինաստանից, ակտիվ խաղի մեջ կմտնի նաեւ Հնդկաստանը, որը սակայն ներսում բազմաթիվ խնդիրներ ունի: <Պետք չէ մոռանալ, որ Հնդկաստանը Պակիստանի վաղեմի թշնամին է, երկուսն էլ միջուկային արսենալ ունեն, եւ Պակիստանի՝ Իսլամական կոալիցիայի մեջ անցնելը, այս երկու երկրների հակամարտությունը նոր, ավելի վտանգավոր հարթության մեջ է դնում: Հնդկաստանի ներսում արդեն վաղուց պայքար է ընթանում իսլամական ծայրահեղականության դեմ: Հնարավոր է, որ Հնդկաստանում առաջիկա տարիներին ներքին պայքարի աշխարհագրությունն ավելի լայնանա՝ ընդգրկելով նոր նահանգներ: Ի դեպ՝ Հնդկաստանում իսլամական ծայրահեղականների մի մասը եւս թյուրքական ծագում ունեն: Ընդհանրապես, եթե նաենք էթնիկ քարտեզին, ապա Եվրոպայից մինչեւ Չինաստան իսլամական ծայրահեղականությունն ընթանում է թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների հետ>,-նկատեց Մարգարյանը:
Կրկին անդրադառնալով Հայաստանին՝ փորձագետը նշեց, որ Հայաստանի դիվանագետները, եւ ռազմական կցորդները  պետք է հանդիպումներ անցկացնեն գործընկերների հետ, <ստուգեն ժամացույցի սլաքները>, ընդհանուր շահեր գտնելով՝ կազմեն <ճանապարհային քարտեզ> ու սկսեն գործել:

<Կարծում եմ հիմա բոլոր երկրներն են այս գործով զբաղված: Աշխարհում փաստերեն ստեղծվում է այլընտրանքային ահռելի ներուժ ներկայացնող մի կառույց, որը ներկայումս տարածվում է երկու աշխարհամասերում, ձգվում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Աշխարհագրորեն այնպիսի դիրքում է, որ կարող է հեգեմոնություն հաստատել համաշխարային ծովային առեւտրի 60 տոկոսի վրա: Իսլամական կոալիցիայի շարքերը նաեւ  կարող է համալրել 255 մլն բնակչություն ունեցող Ինդոնեզիան, ինչի դեպքում նույնիսկ Ավստրալիան էլ կունենա Իսլամական կոալիցիայի անմիջական հարեւան երկիր>,-ասաց փորձագետը՝ նկատելով, որ Իսլամական կոալիցիայի սահմանները պարզապես թույլ չեն տալիս, որ կարծիք կազմվի, թե այն ԱՄՆ հերթական նախագիծն է:

<ԱՄՆ-ն շուտով էներգակիրներ ներկրող պետությունից կվերափոխվի էներգակիրներ արտահանող պետության: Դրան բնականաբար կզուգորդվի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունը: Որոշ վեկտորներում այս փոփոխությունը նույնիսկ կարելի կլինի գնահատել, որպես ռադիկալ փոփխություն: Ընդհանրապես Միացյալ Նահանգների ներկայիս արտաքին քաղաքականություն ձեւավորվել է էներգակիրների ներկրման քաղաքականության վրա: Այսինքն՝ քանի նրանք նավթ են ներկրում Մերձավոր Արեւելքի երկրներից, ամերիկացիները պատրաստ են շատ խնդիրների վրա աչք փակել, բայց երբ դառնում են նավթ արտահանող, Մերձավոր Արեւելքի պետությունները ամերիկացիների համար դառնում են մրցակից՝ քաղաքական, տնտեսական ու նաեւ քարոզչության առումներով: Այս տրամաբանությունն է, որ ուղղորդում է կարծել, որ Իսլամական կոալիցիան ԱՄՆ-ի հերթական պրոյեկտը չէ: Նրանք իսլամական պետությունների միավորման գործընթացի մասին քաջատեղյակ էին, բայց չեն առարկում, քանի որ չեն ցանկանում դեռեւս կորցնել դաշնակիցներին: Կարելի է ասել ժամանակ են ձգում, մինչեւ որ գա այն պահը, երբ, ըստ իրենց, պատրաստ կլինեն առարկելու: Ինձ համար կասկածի տակ չէ, որ Միացյալ Նահանգները վաղ թե ուշ <կոշտ առարկություններ> կունենան խալիֆայության գաղափարի դեմ, քանի որ խալիֆայության ներուժը հսկայական է ու կարող է վիճարկել ԱՄՆ հեգեմոնությունն աշխարհում երկարաժամկետ ապագայում: Կարծում եմ, որ համապատասխան զարգացումների դեպքում մենք առաջիկա տարիներին կտեսնենք նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցում մի շարք հարցերում, Չինաստանի ակտիվություն, եւ ԵՄ քաղաքականության փոփոխություն մի շարք հարցերում>,- եզրափակեց փորձագետը: 

Իսլամական կոալիցիայի անդամների քարտեզ