Թուրքական Milliyet-ի վերլուծաբան  Սեմիհ Իդիզը անդրադարձել է օրեր առաջ թուրքական իշխանությունների կողմից Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթին մինչեւ պատարագի օրը խաչ չտեղադրելու տխրահռչակ որոշմանը` նշելով, թե «կես բարի կամքը` բարի կամք չէ»:

«Եթե որեւէ արտակարգ բան չպատահի, մեկ դար անց Վանի Աղթամար կղզու եկեղեցում առաջին անգամ թուրքական իշխանությունների թույլտվությամբ պատարագ կմատուցվի:  Բայց, դժվար թե թուրքական իշխանությունները այդ պատարագից ստանան իրենց ցանկալի արդյունքը: Նախ, հայկական առաքելական եկեղեցու գլուխը համարվող կաթողիկոս Գարեգին երկրորդը հայտարարեց, որ պատարագին ներկայացուցիչ չի ուղարկելու, չնայած այն հանգամանքին, որ մինչեւ խաչը չտեղադրելու մասին լուրը, նա համաձայնել էր ներկայացուցիչներ ուղարկել: Կաթողիկոսն իր քայլը մեկնաբանեց խաչը տեղադրելուց հրաժարվելու Թուրքիայի իշխանությունների որոշմամբ: Այս հարցի շուրջ,  թուրքական իշխանությունների եւ  հայ համայնքի միջեւ երկխոսության մասին ոչինչ հայտնի չէ:

Ավելին, Հայաստանում Աղթամարում անցկացվելիք պատարագի դեմ իրականացվող բոյկոտը իր մեջ ներառում է ճշմարտության տարրեր:  Քանի որ ազգայնական դաշնակցականները պնդում են, որ Թուրքիան ցանկանում է օգտագործել պատարագը` աշխարհի կողմից ցեղասպանության ճնշումը թուլացնելու համար:

Այդ նույն շրջանակների կարծիքը, հայ-թուրքական առկախված արձանագրությունների հետ կապված, նույնն է: Այսինքն, Թուրքիան սկսեց հայ-թուրքական գործընթացը` կանխելու համար Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործումը: Եւ այս տեսակետին հավատացող արեւմտյան դիվանագետների թիվը քիչ չէ:

Մենք պատարագին կտեսնենք, թե ինչքան հայաստանցի է ժամանել, սակայն կաթողիկոսի խոսքը, իհարկե, իր ազդեցությունը կունենա:  Մինչ Վան գալը, շատերը  երկու անգամ կմտածեն  թուրքական քարոզչության զոհը չդառնալու համար:

Պետք է հաշվի առնել, որ վերջերս ուղղափառ Սումելա վանքում եւս թուլյատրվեց պատարագ անցկացնել, սակայն ինչպես ցույց տվեց CNN-ի պատրաստած վավերագրական ֆիլմը, Հունաց պատրիարք Բարդուղեմեոսի` վերջին պատրիարք լինելու փաստով շատ բան ասեց: Այսինք, եթե քարոզչական նպատակով էր թույլատրվել Սումելայում պատարագ իրականացնել, ապա` դա արդյունք չտվեց:

Այս համատեքստում, Անկարան, պատարագից հետո խաչը չտեղադրելու հետ կապված լուրջ խնդրի առաջ կկանգնի: Եթե Անկարան այս գործը ճիշտ պլանավորեր եւ իրական հանդուրժողականության տպավորություն ստեղծեր, իրավիճակը այլ կլիներ:  Սակայն իշխանությունները ասեցին «բարի կամք անեմ», բայց «կես բարի կամք» արեցին: Իհարկե, թուրքական իշխանությունները դեռ ժամանակ ունեն «բարի կամքը» կիսատ չթողելու համար»-նշել է Սեմիհ Իդիզը: