Ֆրանսիացի օդերևութաբանը Ամերիկյան գեոֆիզիկական միության գիտաժողովի ընթացքում ծիածանների դասակարգման նոր համակարգ է առաջարկել: Այն ընդգրկում է 12 տեսակ, ու դրա միջոցով նույնիսկ գիտությունից հեռու մարդիկ կարող են հասկանալ, թե մթնոլորտային ինչ պայմաններում է առաջացել ծիածանը, հայտնում է National Geographic-ը:
Ոչ միշտ է ծիածանը բաղկացած յոթ տարբեր գույների շերտերից ( կարմիրից մինչև մանուշակագույն): Երբեմն առաջինի վրա երևում է երկրորդը, որը նվազ վառ է՝ գույների հակառակ դասավորվածությամբ, երբեմն էլ մեջտեղում մուգ շերտ է երևում, երբեմն էլ ծիածանի մեջ բացակայում են մեկ կամ մի քանի գույներ:
Ծիածանների բոլոր տարատեսակները հաշվի առնելու համար Ժան Ռիկարը ու նրա գործընկերները հարյուր հազարավոր պատկերներ են հավաքել ու դրանք 12 խմբերի բաժանել՝ ըստ վեց հիմնական գույների վառության, առաջնային ու երկրորդային ծիածանների միջև Ալեքսանդրի մուգ շերտի ինտենսիվության, նաև այս կամ այն գույնի բացակայության: Օրինակ ծիածանի տեսակներից մեկը չունի կանաչ շերտ, մյուսը՝ կապույտ ու մանուշակագույն, իսկ երրորդը՝ միայն կապույտ ու կարմիր շերտեր ունի, հայտնում է Lenta-ն:
Ռիկարի խոսքով, իր համակարգն այնքան հասարակ է, որ ցանկացած մարդ, տեսնելով ծիածանը, միանգամից կհասկանա, թե այն որ դասին է պատկանում ու կիմանա, թե ինչ է կատարվում երկնքում: Մշուշոտ կարմիր ծիածանն, օրինակ, միայն արշալույսին է առաջանում անձրևի փոքրիկ կաթիլներից:


























