Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոնի՝ Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Լեւոն Բաղդասարանը՝ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում պատմել է թատրոնի խնդիրների ու ծրագրերի մասին:

2015 թ. ձեր ղեկավարած թատրոնը նշեց իր 80 ամյակը: Ի՞նչ իրադարձությամբ նշվեց այդ նշանավոր տարեդարձը:

2015 թ. տիկնիկային թատրոնը 80 հյուրախաղեր է անցկացրել թատրոնի 80-ամյակի կապակցությամբ: Բոլոր ներկայացումներն անցել են բարձր մակարդակով: Սակայն թատրոնի 80 -ամյակի պատվին հիմնական միջոցառումը որոշակի վայրում չարվեց, քանի որ թատրոնի շենքը դեռ վերանորոգված չէր: Բացի դրանից Մշակույթի նախարարությունը դեռ չի պատասխանել՝ մեր հիրավի վաստակավոր դերասաններին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին մեր նամակին: Դրա համար էլ մենք որոշել ենք միջոցառումը գալիք տարի կազմակերպել, երբ հուսով ենք՝ թատրոնի շենքը վերանորոգված կլինի, իսկ դերասաններն էլ կստանան իրենց արժանի կոչումը:

Հոբելյանը կկրի 80+1 անվանումը: Կարծում եմ, դա հետաքրքիր որոշում է: Քանի որ ամեն ինչ զարգանում է հաջորդ թվերը զրոյին գումարելու սկզբունքով, ապագայում մյուս տարեդարձներն էլ կնշվեն +1,2 սկզբունքով եւ այլն: Գեղեցիկ ու հետաքրքիր կլինի:

Ի՞նչ նոր բեմադրություններ ու լուծումներ են եղել այս տարի:

Անցած տարի մենք անսովոր բեմադրություն արեցինք՝ «Կարմիր գլխարկը» ներկայացումը՝ հայերեն ու գերմաներեն: Շատ հետաքրքիր ստացվեց: Դահլիճը նույնպես մասնակցում էր բեմադրությանը, երեխաները գայլին հուշում էին հենց նոր սովորած գերմաներեն բառերը՝ նոր պերսոնաժ ռոբոտը հայերեն է խոսում, գայլն ուզում է նրան անջատել, սխալ կոճակ է սեղմում, ու ահա ռոբոտն արդեն գերմաներեն է խոսում ու դահլիճը ստիպված է լինոմ թարգմանել նրա խոսքերը: Գերմաներենի իմ համեստ գիտելիքների շնորհիվ պիեսի տեքստը գրվեց ու բեմադրությունն էլ ավելի շուտ բեմադրվեց, քան Գերմանիայից մասնագետ եկավ: Արդյունքում նա ծափահարեց թատրոնի կոլեկտիվին:

Բեմադրության ստեղծմանն աջակցել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ու «Բեռլին արթ հոթել» կազմակերպությունը: Այս նախաձեռնությունը կշարունակվի նաեւ 2016թ.: Ոգեւորվելով «Կարմիր գլխարկի» հաջողությամբ, մենք որոշեցինք միայն գերմաներեն ներկայացում բեմադրել ու հյուրախաղերի մեկնել Գերմանիա: Հայկական մշակույթն ու գրականությունը ներկայացնելու համար մենք ընտրեցինք Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը: Իսկ հավաքված գումարներով մենք մեր գերմանացի գործընկերների օգնությամբ կվերանորոգենք թատրոնի շենքը:

Ստացվում է, որ պետական մարմինները մտադիր չե՞ն օգնել Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգմանը:

2016 թ. մեր խնդիրն է լինելու թատրոնը Մշակույթի նախարարության ենթակայության տակ անցկացնելը: Դա ոչ մի լրացուցիչ ծախս չի պահանջում: Սակայն թատրոնը Մշակույթի նախարարության ենթակայության տակ անցկացնելը շատ հարցեր կլուծի՝ թե կարգավիճակի, թե պրոֆեսիոնալ պատվիրատուի հարցը՝ ի դեմս Մշակույթի նախարարության:

Ի՞նչ ներկայացումներ է տեսել հանդիսատեսն անցած տարի ու ի՞նչ է տեսնելու հաջորդ տարի:

2015 թ. ավարտել ենք «Բարեկենդան» ներկայացումով: Դա ազգային մշակույթի ու կենցաղի մի տարրն է, ու մենք ուզում ենք, որ բարեկենդան հասկացությունը վերադառնա ժամանակակից հայերի կենցաղ: Մոռանալը հեշտ է, իսկ վերականգնելը դժվար, բայց մենք այդ ուղին ենք ընտրել:

Հունվարին հանդիսատեսը կտեսնի «Սպիտակ օձ» ներկայացումը, ընդ որում այն միայն մեր թատրոնում է բեմադրված: 2016 թ. մեր բեմադրություններում ուզում ենք շեշտադրումն անել հեքիաթային հերոսների վրա՝ այդ բառի լիարժեք իմաստով: Երեխաներին հետաքրքրում է ֆանտաստիկ տարրը՝ կախարդներ, հրեշներ, նրանց դեմ պայքարող հերոսներ: Ուզում ենք, որ հերոսականը գերազանցի խելացիին: Մեր ավանդական հեքիաթներում ներկայացվում է խելացիի ու հիմարի բախումը: Մեր նոր հերոսը առանց որեւէ շահադիտական նկատառումների պայքարող մարդ է: Երիտասարդներին պետք է նման հերոս:

Հետո կլինեն նաեւ «Դրախտային ծաղիկ» ներկայացումը՝ Թումանյանի հեքիաթի մոտիվներով . «Գաղտնիքների քարանձավը» հայկական այբուբենի մասին, նաեւ մեծահասակների համար «Անսովոր աճուրդ» ներկայացումը՝ Հերբերտ Ուելսի պատմվածքի մոտիվներով: Ըստ մտահղացման, հանդիսատեսը նույնպես կդառնա բեմադրության ակտիվ մասնակիցը՝ ներառվելով աճուրդում: Հունվարի վերջին ծրագրված է մասնակցություն Գյումրիի «Ռոթարի ակումբի» միջոցառմանը: Բացի դրանից ծրագրում ենք զարգացնել տիկնիկային համերգի ուղղությունը: