Շրջելով սուպերմարկետի հրուշակեղենի բաժնում՝ դուք կարող եք նվերի փաթեթավորումով աքցաններ տեսնել ու արդարացիորեն վրդովվել՝ ինչպե՞ս կարելի է քաղցրավենիքի կողքին աշխատանքային գործիքներ ցուցադրել: Սակայն՝ փաթեթը բռնելուց ու ուսումնասիրելուց հետո դուք ինձ նման կզարմանաք՝ դրա վրա կարդալով Chocolate Instruments գրությունը:

Իսկականից չտարբերվող շոկոլադե գործիքներ ստեղծելու մտահղացումը Արմեն Սիմոնյանինն է:
«Ես ուզում էի իմ գործը բացել ու սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ արտադրել, որպեսզի չկրկնվեմ հայկական շուկայում: Դրա համար ես սկսեցի ուշադիր ուսումնասիրել խանութների ցուցափեղկերը, ժամերով փորփրել ինտերնետը: Աստիճանաբար ես հանգեցի այն մտքին, որ հետաքրքիր կլիներ զբաղվել շոկոլադե նվերների արտադրությամբ: Ես ինքս շոկոլադի մեծ սիրահար եմ»:

Իր մտահղացումը կյանքի կոչելու նպատակով Արմենը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, խորացավ շոկոլադ պատրաստելու բավականին բարդ գործի մեջ: Երիտասարդը խոստովանում է, որ երկար ժամանակ չարչարվել է, որպեսզի ստեղծի այն տեխնոլոգիան, որը ցանկալի արդյունք կապահովի:
«Ես կարողացա հասնել իմ առջեւ դրված նպատակին՝ այսինքն իսկական գործիքների հետ լիակատար նմանությանը, այդ մասին են վկայում այն զվարճալի պատմությունները, որոնք մշտապես կատարվում են իմ արտադրանքն առաջին անգամ տեսնողների հետ: Օրինակ մի անգամ ես սանտեխնիկի էի կանչել: Երբ նա եկավ, պարզվեց, որ նա մոռացել է իր պտուտակաբանալին: Այդ ժամանակ ես նրան «իմը» առաջարկեցի: Նա հաճույքով վերցրեց այն՝ ասելով «ինչ թեթեւ է, չինակա՞ն է» ու գնաց աշխատելու: Շոկոլադը բնականաբար նրա ձեռքերում կոտրվեց ու սկսեց հալել: Նա շատ էր զարմացել»:

Վերջերս Արմենի արտադրանքի տեսականին համալրվեց նաեւ շոկոլադե այֆոնով: Հետագայում Արմենը ծրագրում է բժշկական գործիքներ պատրաստել: Ամբողջ գործընթացը՝ արտադրությունից սկսած մինչեւ առաքում՝ Արմենն ինքն է անում:
«Իմ արտադրանքը նախատեսված է հումորի զգացում ունեցողների համար: Ապագայում ես հույս ունեմ, որ կկարողանամ իմ սեփական խանութը բացել ու շարունակել զարմացնել շոկոլադի սիրահարներին»:





























