Հայաստանում գրանցված եւ ներկայումս շահագործվող ճոպանուղիների աշխատանքի ընթացքում արտադրական դժբախտ դեպքեր ու միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շարժասանդուքների, վերելակների, ճոպանուղիների եւ կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ներկայումս ՀՀ տարածքում շահագործվող մարդատար ճոպանուղիներից 3-ը գրանցված են ՀՀ ՏԿԱԻՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում՝ Ջերմուկի, Տաթեւի եւ Ալավերդու ճոպանուղիները: Գրանցված չեն Ծաղկաձորի եւ Սեւանի ճոպանուղիները:
Գրանցված երեք ճոպանուղիներն էլ սահմանված կարգով, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի, տարեկան մեկ անգամ ենթարկվում են տեխնիակական անվտանգության փորձաքննության:
Լուսինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիմնականում բոլոր ճոպանուղիներն էլ աշխատում են ամբողջ տարի, բայց օրինակ Ջերմուկի, Ծաղկաձորի, Ալավերդու ճոպանուղիների աշխատանքն ակտիվանում է ձմռանը, քանի որ դրանք նախագծված եւ պատրաստված են ոչ փակ խցիկներով, այսինքն ուղեւորների համար նախատեսված նստատեղերը բաց են /աթոռներ են/ եւ դահուկային սպորտով զբաղվողները դրանից բնականաբար օգտվում են ձմռանը:
«Ջերմուկի ճոպանուղու ճանապարհի երկարությունը կազմում է 1000 մ, Տաթեւինը՝ 5765 մ: ՀՀ տարածքում գրանցված եւ շահագործվող ճոպանուղիների շահագործման ընթացքում արտադրական դժբախտ դեպքեր եւ պատահարներ չեն գրանցվել:
Մեր կազմակերպությունը հագեցած է մասնագետ կադրերով եւ անհրաժեշտ գործիքներով, որպեսզի իրականացնի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն, բայց բացի այդ, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջների, ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ/կազմակերպություն պարտավոր է հրամանով նշանակել որակավորված մասնագետներ, ովքեր պատասխանատու են տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական վիճակի, զննման եւ անվտանգ շահագործման համար: Մեր կազմակերպությունն իրականացնում է տարեկան մեկ անգամ զննումներ, իսկ շահագործողը պարտավոր է իրականացնել դրանք պարբերաբար, որպեսզի խափանումներ եւ միջադեպեր չլինեն»,-ընդգծեց նա:




























