Կոտայքի մարզի Գառնի համայնքում այս ամռանը հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիի գյուղապետը, որի որդու մեքենայի ուղղությամբ էին ամռանը կրակել, հայտնեց, որ իրենք քննության ընթացքին չեն հետեւում:
«Այն ժամանակ մենք հաղորդում տվեցինք կատարվածի վերաբերյալ, 6-7 հոգու անուն եմ տվել, բայց հիմա քննության ընթացքին չենք հետեւում: Իրավապահ մարմինները թող պարզեն՝ ինչ է կատարվում, ինչու են կրակել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մեքենան դեռ իրավապահ մարմինների մոտ, դրանից են եզրակացնում, որ նախաքննությունը չի ավարտվել:
Նշենք, որ այս գործով մեղադրվում է «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդին՝ Ռուբեն Հակոբյանը, որը հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվել է նոյեմբերի 19-ին: Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 9-ին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իրենց գյուղում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան:
Պարզվել է, որ հիշյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Վարդանյանի որդու՝ Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների եւ Ռուբեն Հակոբյանի միջև: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Ռուբեն Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները:



























