Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ոչ»-ի մեծ տոկոսը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի համար սպասելի էր։ Թե ինչու, պատգամավորը մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում։
Պարոն Նիկոյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարծես ցույց տվեց իշխանությունների հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը։ Ոչ միայն աննախադեպ ակտիվ մասնակցություն եղավ, այլ պաշտոնական տվյալներով՝ ահռելի քանակով «ոչ»։ Քվեարկության միջոցով այս համախմբված ըմբոստությունը իշխանություններին չի՞ մտահոգում 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Բնականաբար, կա մտավախություն, որ իրավիճակը կարող է ավելի ծանրանալ, բայց միշտ էլ հույս, դրականի սպասում կա յուրաքանչյուրի մոտ, որ կարող է արտաքին բացասական ազդակները վերանան, եւ Աստված տա՝ մենք կարողանանք արձանագրել ավելի բարձր տնտեսական աճ, քան ունենք։ Երկրորդը, իհարկե, մենք պիտի գնանք հանրությանը իրավիճակը հստակ ներկայացնելու ուղիով՝ այսինքն ասել՝ ինչ էր հնարավոր անել, եւ մենք ինչ կարողացանք անել, որ քաղաքացին որոշի՝ մեզ վստահի, թե՝ ոչ։ Եթե չվստահի, ապա մտածի, թե որ ուժին վստահի։
Պաշտոնական տվյալներով՝ 421 հազար քաղաքացի «ոչ» է ասել իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությանը, մինչդեռ կանխատեսում էին հանրաքվեի նկատմամբ անտարբերություն։ Ինչո՞վ էր պայմանավորված ակտիվությունը եւ հատկապես մեծ քանակով «ոչ»-ը։
Մինչեւ հանրաքվեն էլ մի քանի անգամ ասել եմ՝ սպասելի էր։ Ասում էի՝ հանրաքվեին «ոչ» են ասելու քաղաքական այն այրերը, որոնք դեռ չեն կարդացել կամ կարդացել, չեն հասկացել։ Այն քաղաքական ուժերը, որոնք ունեն նախագահի թեկնածու եւ պատրաստվում են առաջադրել 2018-ի նախագահական ընտրություններին, եւ նաեւ այն մարդիկ, որոնք, քանի որ իշխանության նախաձեռնությունն էր, պետք է գնային ու ասեին «ոչ»՝ վստահության ու սոցիալական խնդիրներից ելնելով։
Ի՞նչ եք կարծում, գերակշիռ զանգվածը ստեղծված իրավիճակի համար իշխանություններից վրեժխնդիր լինելու համա՞ր «ոչ» քվեարկեց, թե՞ ընդդիմության քարոզչության արդյունքում։
Չեմ հաշվարկել, չեմ կարող ասել՝ որ զանգվածը վրեժխնդիր եղավ, որը՝ քարոզչության արդյունքում։ Բայց կային ուժեր, որոնք շատ լավ իմանալով պառլամենտական համակարգի առավելությունները, նրանք ուզում էին՝ դժգոհության ալիքն օգտագործել իշխանափոխության համար։ Հակաքարոզչությունը տվեց իր արդյունքը, իսկ հակաքարոզչությունը աշխարհում ամենահեշտն է։
Պարոն Նիկոյան, իշխանությունն ի՞նչ հետեւության է հանգել հանրաքվեի ստացած արդյունքներից հետո:
Ես իմ տեսակետն ունեմ ու երբեք չեմ փոխում։ Յուրաքանչյուր իշխանություն անընդհատ պետքէ բարեփոխվի ու բարեփոխի։ Սա անընդհատ պետք է անի իշխանությունը։ Եթե ընդդիմությունն էլ փոփոխության չի ենթարկվում, նոր լիդերներ չեն ծնվում, անընդհատ նույն դեմքերն են՝ նույն հիերարխիայով, հանրությունը նաեւ հոգնում է ընդդիմությունից։ Այս փոփոխությունները պետք է հընթացս իրականացվեն, որ հանրության մոտ դրական սպասելիքներ ձեւավորվեն։
Շատերն են պնդում, որ հանրության մոտ չկա դրական սպասելիքներ․․․
Չկա, դա լավ չէ․․․Կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն պիտի գնա բարեփոխումների․․․




























