Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն դեռեւս երկարատեւ բուժման կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վարազդատի հայրը՝ Իշխան Խաչատրյանը:
«Մի քանի օր է՝ հիվանդասենյակ է տեղափոխվել, սակայն դեռեւս վտանգ կա: Չգիտենք՝ ինչքան երկար կմնա հիվանդանոցում»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Վիրավորված զինծառայողի հոր խոսքով՝ որդին բարձր տրամադրություն ունի, սակայն ցավերը մի քիչ ընկճում են:
Նշենք, որ Վարազդատ Խաչատրյանը հունվարի 8-ին կավարտի ծառայությունը: Նա դեկտեմբերի 12-ին է տեղափոխվել հոսպիտալ: Մինչեւ այդ զինծառայողը բուժում էր ստանում Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում, քանի որ նեղ մասնագիտական բուժում ստանալու կարիք ուներ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան:




























