Մոսկովյան Պետական հանրախանութում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված նոր օծանելիքի շնորհանդեսը: Այդ մասին ասված է Facebook-ում Leaders ամսագրի էջում: Օծանելիքը Leaders Number One անվանումն է ստացել:
Բույրի ստեղծմանը մասնակցել է օծանելիքի բելառուս մասնագետ Վլադ Ռեկունովը: Հավաքածուն թողարկվել է սահմանափակ քանակով` հազար օրինակից, 100 մլ ծավալով, սրվակի արժեքը մոտ 6 հազար ռուբլի է: Թե ինչ բաղադրիչներ են ներառվել օծանելիքում, չի հաղորդվում: Օծանելիքը կվաճառվի մինչեւ հունվարի 20-ը, տեղեկացնում է Lenta-ն:
Վաճառքից ստացված միջոցների մի մասը կտրամադրվի շտապ բուժման կարիք ունեցող երեխաներին եւ կծախսվի մանկատան համար ամանորյա նվերների գնմանը:
Օծանելիքի մասնագետները կարծում են, որ նման օծանելիքը ստեղծվել է փիառի նպատակով: «Ով ասես, ում պատվին ասես, կարող է օծանելիք ստեղծել: Ես չեմ փորձել այդ բույրը, բայց կարծում եմ, որ սովորական օծանելիք պիտի լինի», - ենթադրում է փորձագետը, որը հրաժարվել է իր անունը հայտնել: «Բույրի վերաբերյալ դատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ դրան, ինչ վերաբերում է նախագծին, հասկանալի փիառ է,-կարծում է Գալինա Աննին, որը Gala Anni Parfum օծանելիքի ապրանքանիշի հիմնադիրն է: Կարելի է օծանելիք ստեղծել Պուտինի, Հռոմի պապի, Դարթ վայդերի պատվին, դրա համար անհրաժեշտ չէ այն մարդու համաձայնությունն ու հավանությունը, ում նվիրված է օծանելիքը, բայց դա լավ տեղեկատվական միջոց է, լրագրողներին դա դուր է գալիս»:




























