Ամուսնու կողմից դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի մայրը` Վալյա Նահապետյանը դժգոհ է Վոլոդյա Մուրադյանին 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու որոշումից: NEWS.am-ի հետ զրույցում, Վալյա Նահապետյանը նշեց, որ դա անարդար ու կողմնակալ որոշում էր: Վալյա Նահապետյանը խոսքով, դատարանի որոշումը բողոքարկելն անօգուտ է եւ չինքը ի պատրաստվում բողոքարկել այն:
«Ես միշտ էլ ասել ու էլի եմ ասել, որ դրանք բոլորը կաշառված են, դրա համար էլ նման որոշում կայացրին: բողոքարկելն անիմաստ եմ համարում, քանի որ մեջտեղն կումուլյատիվ աֆեկտի վարկածն են դրել ու բան չի փոխվելու»,-ասաց Վալյա Նահապետյանը:
Նշենք, որ դատախազի միջնորդությամբ Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել էր` Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Մեղադրանքը մեղմացվել է, քանի որ կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:
Վոլոդյա Մուրադյանը հաստատել է, որ կնոջն ինքն է սպանել, սակայն անգիտակցաբար:
Նշենք, որ 1-ին փորձաքննության եզրակացության համաձայն` Վոլոդյա Մուրադյանը չի եղել աֆեկտի վիճակում, ըստ 2-րդ եւ 3-րդ փորձաքննությունների եզրակացության, սակայն, նա եղել է խիստ հուզական վիճակում: Վոլոդյա Մուրադյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն, որը պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:



























