2015 թվականի դրական կողմն այն էր, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը եղածից ավելի չվատթարացավ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը` ամփոփելով տարին:
Գործարարի խոսքով` կարող էր եւ ավելի վատ լինել, քան եղավ: «Ծանր տարի էր, բայց դրականն այն է, որ կարող էր ավելի վատ լինել, բայց մեր ազգի աշխատասիրության շնորհիվ մեղմացավ վատը: Կարծում եմ` 2016 թվականն էլ այսպիսին կլինի: Իհարկե, պիտի հաշվի առնենք արտաքին զարգացումները, մասնավորապես Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Սրանից կախված է մեր տնտեսական լավ ու վատ վիճակը»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով` լավը սկսվելու է այն պահից, երբ կայունանա ռուսական ռուբլին: Թե երբ կկայունանա, բոլորի պես պատգամավորն էլ չի կարող կանխատեսել:
«Հենց կայունացավ, հաշվեք, որ ամեն ինչ լավ ա լինելու: Եթե ոչ, ուրեմն պետք է ուրիշ ճանապարհների մասին մտածենք: Անկանխատեսելի է իրավիճակը, կախված է միջազգային զարգացումներից: Մեր մեջ մեղավորներ չփնտրենք, մեզանից կախված չէ»,-ասաց գործարար պատգամավորը:



























