Եվ հաջողությունների, եւ անհաջողություների տարի էր 2015 թվականը. հաջողությունն այն էր, որ բոլոր դեպքերում հնարավոր եղավ խաղաղությունը պահպանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն` ամփոփելով 2015 թվականը:
Նրա խոսքով, 2015-ի նշանակալի իրադարձությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր. «Չեմ ուզում Ցեղասպանության վերաբերյալ շատ խոսել, ասել` հաջողություն էր, բայց համենայնդեպս միջոցառումների ամբողջ գործընթացը, մեր պետւթյանը մեծ ճանաչելիություն տվեց»:
Ինչ վերաբերում է տնտեսական դժվարություններին, ապա դրանք, մեր զրուցակցի խոսքով, պայմանավորված էին տարածաշրջանային տնտեսական մարտահրավերներով: «Ես անկեղծորեն պետք է ասեմ, որ անգամ այս պայմաններում եթե կարողանում ենք գոյատեւել, էլի մեծ հաջողություն է»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը վստահեցրեց, որ իրավիճակը շտկելու կամք բարձրագույն իշխանության մեջ տեսնում է եւ երկրի իրավիճակի պատասխանատու առաջին դեմքերի կամքին չի կասկածում, բայց կարծում է, որ երկրորդ էշելոնի պաշտոններ զբաղեցնողներն իրենց տեղում չեն։
Համլետ Հարությունյանը հորդորեց «քշել» նման պաշտոնյաներին։ «Եթե ես վատ պատգամավոր եմ, կողմ եմ, որ ինձանից էլ ազատվեն»,-ամփոփեց նա:




























