ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին դատապարտող որեւէ բանաձեւ չի ընդունվել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունված  4 բանաձեւերում նշվում է ընդամենը, որ ԼՂ բանակը գրավել է ԼՂ-ի տարածքից  դուրս որոշակի տարածքներ եւ հորդոր է արվում Հայաստանի իշխանություններին` օգտագործել իր ողջ ազդեցությունը, որպեսզի կոնֆլիկտը չտարածվի: «Զինադադար պետք  է լիներ ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը եւ չհաջողվեց ՄԱԿ-ի մակարդակով, սակայն Ռուսաստանի միջորդությամբ այն տեղի ունեցավ 1994 թվականի մայիսի 12-ին եւ այլեւս որեւէ մեկն այդ բանաձեւերին չի անդրադարձել»,- ասաց Արզումանյանը ու հավելեց. «Այնպես որ, Հայաստանին դատապարտող որեւէ ձեւակերպում հիշյալ բանաձեւերում առկա չէ»: Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի փաստաթղթերում «օկուպացիա» տերմինի առկայությանը, ընդդիմադիր գործիչն ուշագրավ պատասխան տվեց. «Ես պատաստ եմ ողջունել ցանկացած երկրի, որը կճանաչի ԼՂ-ն որպես օկուպանտ, որը գրավել է Ադրբեջանի տարածքը, դրանով իսկ ճանաչելով ԼՂՀ-ի կայացած լինելը եւ այն փաստը, որ կարող է նույնիսկ օկուպացնել հարեւան երկրներին»,-նշեց նա: