Կառավարության որոշմամբ, ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչության ստեղծումը փորձ է քաղաքական ճնշում գործադրել եւ քաղաքական վերահսկողություն սահմանել ՀԿ-ների վրա։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով, Արդարադատության նախարարությունը, որի միջոցով էլ կառավարությունը փորձում է իրականացնել ոչ առեւտրային կազմակերպությունների վրա իր վերահսկողական գործառույթները, միտում ունի ձեռք բերել  օրենքով չսահմանված, լրացուցիչ լծակներ։ «Սակայն խնդիրը հեշտ լուծելի է։ Ինչպես որ որոշումն ընդունվել է, նույնկերպ էլ կառավարության կողմից կարող է չեղյալ հայտարարվել»,- նշեց Բորիս Նավասարդյանը՝ ավելացնելով, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչություններն առանց այդ էլ շատ են, եւ դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ պետք է ստեղծվեն դրանց գործունեությունը ստուգող առանձին, մասնագիտացված միավորներ։

Ասուլիսին ներկա, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանն էլ ավելացրեց, որ իր այս քայլով Արդարադատության նախարարությունը ոչ առեւտրային կազմաերպություններին վերահսկելու անօրինական քաղաքականություն է ստանձնել։ «Ստեղծված տեսչության լիազորություններն այնքան լայն են ձեւակերպված, որ դրան ՀԿ-ի աշխատանքներին լայն միջամտության հնարավորություններ են տալիս։ Այդ տեսչությունն իրավասու է խառնվել մեր բոլոր գործառույթներին, մինչեւ անգամ ֆինանսական միջոցների վերահսկմանը։ Սա իրավական ակտերի մասին օրենքի խախտում է, նաեւ մեր իրավունքների խախտում, որովհետեւ տեսչության ստեղծման վերաբերյալ մեզ չեն տեղեկացրել, եւ դրա գոյության մասին մենք իմացել ենք միայն կառույցի ստեղծվելուց հետո»,- նշեց Սոնա Այվազյանը՝ նկատելով, որ կառույցի գործունեությունը հակասում է նաեւ Հանրապետության նախագահի հրամանագրին։

Ամփոփելով՝  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչն ավելացրեց, որ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչությունը «հետեւողականորեն վերհսկողական ինչ-ինչ կարգավորումներ իրականացնելու կուրս է վերցրել »։ «Ես սա պայմանավորում եմ 2 հանգամանքով՝ մեկ Արդարադատության նախարարի մասնագիտական մղումներով՝ անընդհատ ինչ-որ տեղեր վերահսկողություն սահմանել, երկրորդ կառավարության՝ վերջին մեկ-երկու տարում քաղաքացիական հասարակության սեկտորի ճնշման քաղաքականությամբ»։

Նշենք, որ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչությունը ստեղծվել է Արդարադատության նախարարության հեղինակած, ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ին թիվ 1042 որոշմամբ։