Հայաստանի գործող բանակը խորհրդային բանակի վրա խարսխված բանակ է: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ բոլորիս թերությունն է, որ մենք բոլորս չենք կարողացել բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ ու հասարակական վերահսկողության տակ գտնվող մարմին: Նա անդրադարձավ նաեւ հայկական բանակում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերին՝ սպանություններին ու ինքնասպանություններին, նշելով, որ նման երեւույթներն ու այլ անօրինականությունները նոր չէ, որ տեղի են ունենում, պարզապես հիմա, շնորհիվ լրագրողների հետեւողականության, դրանց մասին հասարակությունն իրազեկ է դառնում:
«Շատ կարեւոր է գրել այդ մասին, եւ բացահայտել մեղավորներին եւ հրապարակայնորեն դատել մեղավոր սպաներին: Որովհետեւ դա մեր բանակն է, այդտեղ մեր երեխաներն են, որոնց կյանքը վտանգվում է ինչ-որ հաբռգած, հղփացած լեյտենանտի, գեներալի կամ նախարարի պատճառով»,-նշեց Արզումանյանը:
Հարցին, թե, արդյոք, Ադրբեջանի կողմից հաճախակի դարձող դիվերսիոն գործողությունների պատճառը հայոց բանակում տեղի ունեցող սպանություննե՞րն են, ասաց. «Այստեղ Ադրբեջանը կապ չունի: Դա մեր խնդիրն է, մեր տունն է, մեր տան մի մասին է, որի յուրաքանչյուր բան յուրաքանչյուրիս է վերաբերում»:





























