Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ  ավարտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանությանն նվիրված բողոքի ակցիան: Շարժման ներկայացուցիչները որոշել են ակցիան ժամը 15:00-ին շարունակել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտ, որտեղ էլ կքննվի կալանքը խափանման միջոց սահմանելու միջնորդությունը: Այս մասին այսօր` հունվարի 3-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» շարժման մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը:

«Քիչ առաջ պարզվեց, որ նրան մեղադրանք առաջադրելու նպատակով չեն բերի ոստիկանության բաժնում տեղակայված քննչական բաժանմունք, քանի որ  այս պահին մենք  բողոքի ակցիա ենք իրականացնում այստեղ: Բաժին տանող հատվածը շրջափակել են ոստիկանները, քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին: Այս պահին Գեւորգը Ձերբակալվածների պահման վայրում է:  Իրեն այնտեղ են մեղադրանք առաջադրելու` հաշվի առնելով, որ շարժման ներկայացուցիչները ակցիա են անում  ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ: Քիչ առաջ պարզվեց, որ նրան մեղադրանք առաջադրելու նպատակով չեն բերի ոստիկանության բաժնում տեղակայված քննչական բաժանմունք, այլ քննիչին ու փաստաբանին են հրավիրել ՁՊՎ: Եւ քանի որ Գեւորգն այստեղ չէ, մենք բողոքը ժամը 15:00-ին կշարունակենք  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր լրանում է Գեւորգ Սաֆարյանի ձերբակալության ժամկետը, որից հետո կամ նրան պետք է ազատ արձակեն կամ կալանավորեն:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ գրել էր, որ հունվարի 1-ին ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որն Ամանորի գիշերը 3 այլ ակտիվիստի հետ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով եւ ձերբակալվել է Գեւորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն է եղել: