Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա  իրականացնող քաղաքացիներին բերման են ենթարկել Ոստիկանության Մալաթիայի բաժին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` հունվարի 3-ին,  հայտնեց  «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա` բերման են ենթարկվել  Գոհար Սարոյանը, Լուսինե Մինասյանը, Արմո Սաֆարյանը, Գրիգոր եւ Հակոբ Եղնուկյանները: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ հինգ հոգի են բերման ենթարկվել սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով: Նշենք, որ Լուսինեն Գեւորգ Սաֆարյանի կինն է, Արմո Սաֆարյանը` եղբայրը:

 Նշենք, որ ժամեր առաջ «Նոր Հայաստան» հասարակական ճակատի համակիրները Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա են իրականացրել նրան հասարակական պարսավանքի ենթարկելու նպատակով: Պատճառը եղել է Գեղամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջի այն գրառումը, որով կապիկներ էր անվանել Ազատության հրապարակում այս օրերին ցույց անողներին:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ գրել էր, որ հունվարի 1-ին ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որն Ամանորի գիշերը 3 այլ ակտիվիստի հետ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով եւ ձերբակալվել է Գեւորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն է եղել:

Նշենք, որ այսօր լրանում է Գեւորգ Սաֆարյանի ձերբակալության ժամկետը, որից հետո կամ նրան պետք է ազատ արձակեն կամ կալանավորեն: