Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատասխան լուծումներ:

Հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ:

«Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը` գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հետևել անձնական հիգիենայի կանոններին, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները, հաճախակի օդափոխել փակ տարածքները, տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում: