Անկարայի Էսենբողայի օդանավակայանում գործողություն իրականացնելու ժամանակ ձերբակալված եւ այնուհետ մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի դին երկար ու բարդ աշխատանքների արդյունքում Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա։

Թուրք հայտնի փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ջանքերով հաջողվել է Թուրքիայում թաղված Լեւոն Էքմեքչյանի մարմինը հանձնել Ֆրանսիայում գտնվող հարազատներին։

Էրեն Քեսքինը նշել է, թե տեղափոխման գործընթացի մասին ավելի ուշ տեղեկություններ կհաղորդվի լրատվամիջոցներին։

Նշենք, որ 1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը։ Գործողության ընթացքում վիրավոր ձերբակալվել է Լեւոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։