Հայկական միրգը ռուսական եւ եվրոպական շուկաներ արտահանելու գաղափարը Հայաստանում վաղուց է հասունացած։ Հայկական մրգերը աչքի են ընկնում իրենց համուհոտով, սակայն Եվրոպայում աճեցված մրգերին զիջում են արտաքին տեսքով։ Օրինակ՝ Իտալիայում գոյություն ունի ծիրանի արդյունաբերական արտադրություն։ Միրգը հասունանում է գաճաճ ծառերի վրա, որպեսզի հեշտ լինի հավաքելը, բացի այդ՝ ավելի դիմացկուն է հայկական ծիրանի համեմատ, էլ չենք ասում, որ այդ գաճաճ ծառերն ավելի բերքատու են։ Եվրոպական շուկաներում իտալական ծիրանը վաճառվում է կգ-ը 10-20 դոլարով, այնինչ մեր գյուղացիները Աստծուն փառք են տալիս, որ լավ բերքատվության տարիներին կարողանան կես դոլարով ծիրան իրացնել, եւ սա այն դեպքում, որ իտալական ծիրանը հայկականի համեմատ գրեթե անհամ է։

Եթե եվրոպական շուկաներում հայկական մրգերը ինչպես հարկն է՝ գովազդվեն, իսկ սելեկցիոն աշխատանքները շուկայական հիմքի վրա դրվեն, ապա Հայաստանն ի վիճակի է մեծ քանակությամբ արտահանումներ կազմակերպել։ Առավել եւս, որ այս տարի բացվեց ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, իսկ դա էապես նվազեցնում է արտահանման տրանսպորտային ծախսը։

Դեպի հեռավոր երկրներ մրգի արտահանումը, անշուշտ, կազմակերպչական լուրջ մոտեցում է պահանջում։ Հարկավոր են բեռնատար-սառնարաններ, սառնարանային առանձին տնտեսություն, միրգը տեսակավորելու ջանքեր եւ այլն։

Վերջին տարիներին այս շուկայում նույնիսկ առաջացել է գերիշխող դիրք գրավող։ Դա «Սպայկա» ընկերությունն է, որին բաժին է ընկնում Հայաստանից արտահանվող մրգերի կեսը (ըստ ընկերության պաշտոնական կայքէջում տեղակայված հրապարակման)։ Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ կառավարությունն այս ընկերությանն ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տվեց՝ թարմ մրգերի արտահանման նպատակով Գերմանիայից եւ Բելգիայից բեռնատարներ ներմուծելու համար։ Ներկայումս ընկերությունը կենտրոնացել է խաղողի մթերման եւ արտահանման ուղղությամբ։ Գերիշխող դիրքը հնարավորություն է տալիս գին թելադրել գյուղացիներին՝ լավագույն սորտերի խաղողները գնվում են կգ-ը 190 դրամով (մոտ կես դոլար), այնինչ նույնիսկ տեղական շուկայում դրանք վաճառվում են կգ-ը 300-400 դրամով (0,8-1,1 դոլար)։ Ճիշտ է՝ խաղող մթերող գործարաններն ավելի պակաս գին են վճարում խաղողի համար, սակայն արտահանվող, այսպես կոչված, սեղանի խաղողները ավելի որակյալ են («Իծապտուկ», «Պոդարոկ Ռոսիի», «Թայֆուն», «Մխիթար» սորտերը)։  «Սպայկային» եւ մյուս արտահանողներին օգնում է նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանի կառավարությունն անցյալ տարի արգելեց հայկական խաղողի ներկրումը։ Սակայն, անգամ եթե նման արգելք չլինի էլ, փորձը ցույց է տալիս, որ շուկայի հիմնական խաղորդները կարողանում են վերահսկողություն սահմանել իրենց մրցակիցների գործունեության վրա, քանի որ բոլոր այդ ընկերությունները իշխանական վերնախավում հովանավորներ ունեն։ Որպես կանոն՝ վրացի արտահանողներին թույլ են տալիս մտնել գյուղերը միայն բերքահավաքի վերջում, ու դա ոչ միայն խաղողի, այլեւ կեռասի ու ծիրանի արտահանման դեպքում։ Հայ գյուղացիների համար Վրաստան արտահանումներն ավելի շահավետ են, քանի որ միրգը չի «ջոկջկվում», գործարքն ավելի արագ է կայանում, իսկ գինը համարյա նույն  է։

Որպես արտահանող՝ «Սպայկան» ավելի հեռուն է գնացել, եւ գյուղացիներին առաջարկում է կանխավճարներ սեզոնի սկզբում՝ այգիների խնամման աշխատանքների համար որոշակի գումարներ են հարկավոր։ Օրինակ, 1 հա խաղողի այգի մշակելը մինչեւ բերքահավաքը գյուղացու վրա մոտ 5-6 հազ. դոլար է արժենում։ Հարկ է նշել, որ մրգի արտահանումն այն աստիճան եկամտաբեր է (Ռուսաստանում դրանք վաճառվում են մոտ 10 անգամ ավելի թանկ), որ արտահանողները հանգիստ կարող են ավելացնել մթերման գները, ինչը գյուղացուն հնարավորություն կտա նաեւ աշխատանքներ կատարել սելեկցիայի, մելիորացիայի եւ բերքատվության բարձրացման ուղղությամբ։ Այդ ամենի արդյունքում վերջին հաշվով կշահի նաեւ արտահանողը, քանի որ ավելի որակյալ ապրանք կստանա։ Նշենք, նաեւ, որ շուկայի մենաշնորհացման միտումը բնավ չի նպաստում գյուղացիական տնտեսությունների կայացմանը։

Սամվել Ավագյան