Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի իշխանությունները տեղեկացնում են 20 կարճալողան դելֆինի մահվան մասին, որոնք երեքշաբթի գիշերը ափ են նետվել նահանգի լողափերից մեկում: Ինչպես հայտնի է դարձել, ծովից իրեն ցամաք է նետել 100 դելֆինազգի, բայց 80-ին դեռ հնարավոր է փրկել:
Կարճալողան դելֆինը կետակերպների ցեղի դելֆինազգիների ընտանիքի լոցման դելֆինների տեսակին պատկանող կաթնասունների երկու ենթատեսակներից մեկն է: Չնայած դելֆինազգիների ընտանիքին պատկանելուն, իրենց պահվածքով նրանք ավելի շուտ խոշոր կետերի են հիշեցնում:
«Նրանք կարճալողան կետակերպներ են եւ երեւում է` մոլորվել են: Նախկինում նրանք նման քանակով ափ չէին նետվում», - լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել է տեղացի պաշտոնյա Ռավի Կումարը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դելֆիններն ու կետերը կանոնավոր կերպով, երբեմն` ամբողջ հոտերով ծովից ափ են նետվում եւ սատկում են: Այս պահին գիտնականները չեն պարզել տեղի ունեցողի իրական պատճառները, սակայն մի քանի տեսություն գոյություն ունի:
Դրանցից մեկի համաձայն, հոսանքն ափ է հանում դեռեւս ջրում մահացած առանձնյակների մարմինները:
Իսկ այն դեպքերում, երբ հոսանքն ամբողջ հոտ է բերում, ընդունված է բացատրություններից մեկը համարել կետերի` իրար օգնության կանչելու կարողությունը. մեկ ափ նետված կետը կարող է իր հետեւից մի ամբողջ ցեղ քարշ տալ:
Բացի այդ, կան նաեւ ավելի վիճելի տեսություններ: Ամերիկացի երկրաբան Ջիմ Բերքլանդը, օրինակ, ենթադրում է, որ կենդանիների վրա ազդում են երկրի մագնիսական դաշտի նվազագույն փոփոխությունները, որոնք առաջանում են երկրաշարժերից, որոնք ապակողնորոշում են նրանց արձագանքատեղորոշման համակարգը:




























