Մինչեւ Մերծովյան սաֆարի-այգու պատերից ներս Ամուր այծի հետ հանդիպումը, Թիմուր տնական այծն այլ անուն ուներ եւ ապրում էր Ռոմանովկա գյուղի ֆերմերային տնտեսությունում: Հենց այդտեղից է սաֆարի-այգու գիշատիչների համար կենդանի սնունդ տրամադրվում այծերի, ոչխարների տեսքով: Ինչպես պատմում են ֆերմերները, Թիմուրն ամբողջ երիտասարդությունն անցկացրել էր մարտական շների հետ, Զուլում անունով ալաբայ շան հետ նույնիսկ նույն բնում էր ապրում, տեղեկացնում Lifenews-ը:
«Սա իմ Զուլումն է, գույնով համարյա վագրի նման է: Նրանք միասին կերել են, քնել են նույն տեղում», — պատմել է ֆերմերի որդին` Անատոլի Հովոյանը:
Թիմուրի մայրը` Ժաննա այծը հոտում ամենախիզախն է համարվում: Բայց ի տարբերություն իր որդու, հանգիստ բնավորություն ունի: Ֆերմերների պատմելով, մարտական շների կողմից մարզված այծը տնտեսության բնակիչներից ոչ մեկին հանգիստ չէր տալիս:
«Նա ինքը թռավ մեքենայի թափք, երբ պատրաստվում էինք սաֆարի-այգի գնալ: Նրան դուրս չհանեցին, իրենց հետ տարան», — ասաց տնտեսության տեր Միխայիլ Հովոյանը:
Սաֆարի այգում նրա համար մոտ վեց հազար ռուբլի վճարեցին: Թիմուրը մոտավորապես 40 կգ էր, երբ նրան ուղարկեցին վագրին ի կեր: Գիշատիչ Թիմուրի հետ նույն վանդակում ապրելով` նա հիմնավորապես «լցվել է» եւ Ամուրի հետ որպես հավասարը հավասարի կիսում է տարածքը:
«Վագրը երբեք չի ուտի մեր այծին: Թիմուրն այնպես է դաստիարակված, որ եթե որեւէ մեկը նրան ցավ պատճառի, նա 20 անգամ ավելի շատ կպատասխանի», — պնդում է ֆերմեր Միխայիլ Հովոյանը:




























