ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում դրված չարաբաստիկ զեկույցները վտանգ են ներկայացնում, քանի որ առաջին անգամ խոսվում է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների մասին։ Այս մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ հունվարի 26-ին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, քննարկվելու են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները դիտավորյալ զրկում են ջրից» թեմաներով զեկույցները։

«Այս պահին բարդագույն իրավիճակ է ստեղծվել։ Դա արդեն ոչ թե ձախողում է, այլ խայտառակություն, եւ դա անթույլատրելի է, բալանսի եւ չեզոքության մասին խոսել ուղղակի անհնար է։ Այսօր Ռոբերտ Ուոլտերն իրեն թույլ է տալիս բացահայտ սուտ խոսել»,- նշել է Զուրաբյանը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակը ստեղծվել է ոչ միայն Ադրբեջանի նավթադոլարների եւ խավիարային քաղաքականության շնորհիվ։ «ԵԽԽՎ-ում կան մարդու իրավունքները պաշտպանող եւ կազմակերպության իրական առաքելությանը հավատարիմ լուրջ մարդիկ։ Նրանք նույնպես վրդովված են Ադրբեջանի կոռումպացված քաղաքականությունից»,- ասել է Զուրաբյանը։

Նրա կարծիքով կարեւոր է ոչ թե Ադրբեջանի պարզունակ քարոզչությանը հակազդելը, քանի որ պարզագույն պատասխան քննադատությունը վնասում է հենց Հայաստանին եւ Ղարաբաղին։ «Մեր նպատակն է թույլ չտալ բանաձեւի ընդունումը։ Պետք է խոսել եվրոպացիներին հասկանալի լեզվով, պետք է բացատրել, ոև նման բանաձեւեր ընդունելը վնասում է բանակցային գործընթացին եւ լարվածություն է ստեղծում ողջ տարածաշրջանում, որ այդ բանաձեւերը հակասում են ԵԱՀԿ ՄԽ-ին։

Դա շատ լուրջ խնդիր է, բայց դա տեսականորեն հնարավոր է։ Այստեղ կարեւոր է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը»,- նշել է Լեւոն Զուրաբյանը։