Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի Վարիչ մարմինը հարցեր է հղել ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Գերասիմ Ալավերդյանին:
Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցերը.
1. Որքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում:
2. Ինչո՞ւ է գյուղացին լքում գյուղը եւ հողը:
3. Ինչո՞ւ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 տոկոսն անմշակ:
4. Ինչո՞ւ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ:
5. Ինչո՞ւ է Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլար տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 տոկոսը մշտապես կարող է արտադրել տեղում:
6. Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
7. Ինչո՞ւ է մսի, կաթնամթերքի եւ այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
8. Ինչո՞ւ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
9. Կատարվե՞լ են, արդյոք, ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19 000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտեղ:
10. Պատասխանատո՞ւ է, արդյոք, գյուղնախարարությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար, եւ վերջին 3 տարում ինչքանո՞վ է այն ամրապնդվել ներքին արտադրանքի հաշվին:
11. Ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը` արտադրողի (գյուղացու), մշակվող հողի եւ անասնագլխաքանակի շարունակական եւ զգալի նվազման պարագայում:
12. Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվն անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան10-12 հազար կենդանի:
13. Ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետեւանքները մեղմելու գործին:
14. 200-ից ավել երտասարդներից քանի՞սն են վերադարձել Հայաստան` Գերմանիա, ԱՄՆ եւ այլուր գյուղմասնագիտացումն ավարտելուց հետո:
15. Արդյոք, 900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները:
16. Ինչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի եւ Ադրբեջանի գյուղինստիտուտի միջեւ ««Բնօգտագործման էկոնոմիկան եւ Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները» նախագծի շրջանակներում:



























