ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը արել է հնարավորը՝ ձմեռային նստաշրջանում հաջողություն գրանցելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության դրվելիք «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցներին:

«Հակահայկական զեկույցներն աննախադեպ են եւ հակասում են Մինսկի խմբի ձեւաչափին եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցերին: Զեկույցներն իրավական եւ քաղաքական առումով լիարժեք չեն: Զեկույցներով խախտվում են նաեւ ԵԽԽՎ կանոնադրության հիմնական սկզբունքները: ԵԽԽՎ-ն միակողմանի մոտեցում է դրսեւորում»,- ասաց Վահան Բաբայանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ եւ հայկական պատվիրակության անդամները, եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի կարողանան կանխել բոլոր բացասական երեւույթները: Թե ինչ ռազմավարություն է մշակել հայկական պատվիրակությունը, Վահան Բաբայանը չցանկացավ փակագծերը բացել:

Լրագրողների հարցին, թե այս հակահայկական զեկույցները չեն նշանակում, որ թերացել է հայկական պատվիրակությունը, Վահան Բաբայանն արձագանքեց. «ԵԽԽՎ-ն քաղաքական հարթակ է, որտեղ ադրբեջանական լոբբինգն աշխատում է հայտնի ձեւով եւ փորձում է որոշակի պատգամավորների պահել կոնկրետ ազդեցության տակ, այդ թվում՝ նվերներ եւ այլն: Այնպես որ մեղավոր փնտրելն արդարացի չէ, սա դիվանագիտություն է, արտաքին քաղաքականություն»:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնելու հունվարի 23-ին: