Մոսկվայում կբացվի ավելի քան 100 կգ կշռող մարդկանց համար ռուսական խոհանոցով «Ժիրտրեստ» սրճարանը: Այդ մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը, որի ձեռքի տակ առկա է համապատասխան ապրանքանիշի գրանցման` Ռոսպատենտին ուղղված դիմումը:  

«Քանի որ ես ինքս մեծ չափեր ունեմ, որոշեցինք ավելի քան  100 կգ քաշով մարդկանց համար սրճարան բացել: Այն պիտի բացվի 2016-ի մայիսին: Մուտքի մոտ կշեռք կտեղադրենք: Դա ոչ միայն սրճարան կլինի, այլեւ գործնական շփումների հաստատման ակումբ: Մենք նախատեսում ենք երկու գրություն կախել. «Ժիրտրեստ» եւ  «Ցմփորից»: Կախված մարդու ինքնազգացողությունից, նա կմտնի երկու դռներից մեկով»,— գործակալությանը պատմել է սրճարանի հիմնադիր եւ համասեփականատեր Սվետլանա Զոլոտայան: 

Ինչպես պատմել է նա, սրճարանի այցելուները կկշռվեն մտնելիս եւ դուրս գալիս, իսկ քաշի տարբերությունը նրանց հաշվին կգրվի միավորների տեսքով` 1 կգ-ը` 1 միավոր  հաշվարկով: «Այն այցելուները, որոնք 100 բոնուսային միավոր կհավաքեն, կկարողանան դրանք կանխիկացնել պատվերի տեսքով կամ կանխիկ. 100 բալլը` 100 հազար ռուբլի», — հավելել է Զոլոտայան` նշելով, որ բալլերը հնարավոր կլինի կիսել այն այցելուների հետ, որոնց քաշը չի հերիքում մուտքի համար: 

«Մենք ճաշացանկի մեջ ներառում ենք ռուսական խոհանոցի միայն ոչ դիետիկ ուտեստներ: Իսկ սեղանի երկայնքով փոխադրիչ ժապավեն կտեղադրենք, որով այցելուները կստանան սնունդը: Այնպես որ ոչ մի տեղ գնալու կարիք չի լինի», — պատմել է սրճարանի հիմնադիրը:

Ինչպես գործակալությանը պատմել է ապրանքանիշի գրանցման եւ առաջ մղման հարցերով զբաղվող «Առաջին արտոնագրային ընկերության» նախագահ Անատոլի Արոնովը, սրճարանը կբացվի կամ  «Տաք կացարան» ԱԿ-ում, կամ էլ` «Գագարինսկի» ԱԿ-ում, նախագծում ներդրումների ծավալը կկազմի 250 հազար դոլար: «Մեր հաշվարկներով, սրճարանն իր ծախսերը կհանի մոտավորապես երկու տարվա ընթացքում», - նշել է նա: