Երեւանում աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող ուսուցչի փաստաբան Լիանա Բալյանը համոզված է, որ գործը սարքված է եւ իր պաշտպանյալի դեմ որեւէ ապացույց չկա:
«Նախաքննությունն ընթացել է օրենքի խախտումներով: Նախ, նոյեմբերի 4-ին, երբ իմ պաշտպանյալը վկայի կարգավիճակում էր, նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն որոշումը մնացել է օդում կախված, առ այսօր որեւէ փորձաքննություն չի կատարվել: Երկրորդ, դեկտեմբերի 3-ին իմ պաշտպանյալին ներգրավվել են՝ որպես մեղադրյալ, ես դիմել եմ չորս օր անց, որ որպես փաստաբան ներգրավվեմ, սակայն 17 օր անց են ինձ ներգրավվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիանա Բալյանը:
Փաստաբանի խոսքով՝ ինքը դիմել էր գործով քննիչին՝ քրեական գործը կարճելու միջնորդությամբ, սակայն քննիչը մերժել էր այն, հայտարարել նախաքննության ավարտի մասին եւ գործն ուղարկել դատախազություն:
«Հենց ինձ ներգրավվեցին՝ որպես փաստաբան, անմիջապես նախաքննության ավարտ հայտարարեցին: Ես դիմել եմ դատախազություն, սակայն դեռեւս պատասխանը չստացած՝ իմանում եմ, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասաց Լիանա Բալյանը:
Փաստաբանը բողոքարկել է նաեւ քննիչի գործողությունների դեմ, բացարկի միջնորդություն ներկայացրել, մինչդեռ քննիչն արագ նախաքննության ավարտ է հայտարարել: Ինչ վերաբերում է գործի նյութերին, Լիանա Բալյանը հավաստիացրեց, որ գործը բացառապես կառուցված է տուժողների հակասական ցուցմունքների հիման վրա:
«Իմ պաշտպանյալն Արցախյան հերոսամարտի մասնակցի է, կոչումով գնդապետ եւ դրական կենսագրությամբ»,- հավելեց Լիանա Բալյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Երեւանի N հիմնական դպրոցի ուսուցիչ Արմեն Ա.-ն մեղադրվում է 9-րդ դասարանցի աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ:
Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է երեւանյան դատարաններից մեկում:




























