2015-ին Հայկական ատոմակայանը 13,1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել: Այդ մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ամփոփելով 2015 թվականը:
Հանրապետությունում ընդհանուր առմամբ 7 մլրդ 798 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա է արտադրվել կամ էլ 0,62 տոկոսով ավելի, քան 2014-ին:
Արտադրող ընկերությունների սեփական կարիքների վրա ծախսվել է 333 մլն, ցանց է մտել 6 մլրդ 206 մլն, սպառողները ստացել են 5 մլրդ 523 մլն:
Հայկական ԱԷԿ-ը 2 մլրդ 787 մլն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա է արտադրել (2014-ին` 2 464): Նվազել է ՋԷԿ-ի արտադրությունը (3 262-ից մինչեւ 2 779 մլն կամ 14,8 տոկոսով պակաս): ՀԷԿ-երի արտադրանքը գետերում ջրի բավարար մակարդակի շնորհիվ նախորդ տարիների համեմատ 10 տոկոսով ավելացել է (2 մլրդ 22 մլն-ից մինչեւ 2 մլրդ 230 մլն):




























