Հայ ազգային կոնգրեսի մոտակա հանրահավաքից եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից որեւէ ակնկալիք չունեմ, քանի որ տեսնում եմ, որ նրանք սխալ ճանապարհով են գնում։ Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով, ՀԱԿ-ը հերթական կամ արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում, ինչից մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի լինելու։ «Լավագույն դեպքում Սերժ Սարգսյանը կձեւավորի  մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունից, այսինքն՝ ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» յոթ-ութական մարդ կլինի, ինչը նորից խիստ կասկածելի է։ Սրա լավը ո՞րն է»,- հարց հնչեցրեց Սեֆիլյանը՝ միաժամանակ ավելացնելով. «Սա խորհրդարան չի, սա պետություն չի։ Եթե քո խորհրդարանի խոսնակը Հովիկ Աբրահամյանի որակի մարդ է, ի՞նչ խորհրդարանի մասին է խոսքը։ Ո՞ւմ խաղի կանոններով եք փորձում խաղ խաղալ. Սերժ Սարգսյանի՞, Հովիկ Աբրահամյանի՞ կամ մնացած մականունավոր մարդկա՞նց»։

Վերադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեմային, Սեֆիլյանը նկատեց, որ նրա՝ մեծ քաղաքականություն վերադարձը դրական ընթացքի սկիզբ դրեց։ «Այդ մարդու մուտքով, շատ շրջանակներ հուսադրվեցին։ Այս առումով, Տեր-Պետրոսյանը միավորեց բոլոր մարտնչողներին։ Սակայն այժմ մեր ժամանակն է եկել, իսկ նա կարող է հանդես գալ մեզ աջակցողի դերում»,- կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնողը։
Նշենք, որ ՀԱԿ առաջիկա հանրահավաքը նախանշված է սեպտեմբերի 17-ին։