Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը որեւէ ազդեցություն չի ունենալու Ղարաբաղի շուրջ միջազգային հանրության կողմից վարվող քաղաքականության վրա եւ չի ուժեղացնելու Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով ԼՂ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» առաջարկած օրենքի նախագծին: «Անկախության ճանաչումը պարզապես կազդի մեր առեւտրական քաղաքական համակարգի վրա՝ սահմանափակելով մեր առեւտրի ունակությունները եւս մեկ քայլով»,-ասաց Մանուչարյանը:
Նա նաեւ նշեց, որ Ղարաբաղն իրականում անկախ էր բավական երկար տարիներ, եւ այդ գործընթացն սկսվել է 1988-ից եւ տեւել մինչեւ 1998 թվականը: «1998-ից սկսեց Ղարաբաղի անկախութան կորուստը, շատ սրընթաց կորուստը, երբ Ղարաբաղը սեփական որեւէ դրսեւորում չուներ»: Այս հարցում, ըստ Մանուչարյանի, շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, «որը հարստացավ նաեւ Ղարաբաղից ներմուծումներով»:
«Համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ անկախությունը դա կյանք է, դա պիտակ չի, որը կպցնում ենք եւ ասում՝ սա անկախ է: Կամ նա անկախ է, կամ՝ անկախ չէ»,-նկատեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը՝ հավելելով, որ երբ Ղարաբաղն անկախ էր, նրա հետ բոլորը հաշվի էին նստում: Մանուչարյանի խոսքով՝ երբ ինքը 1998 թվականին վերադառնում էր Հյուսիսային Կովկաս կատարած իր շրջագայությունից, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել մի շարք երկրների համապատասխան պաշտոնյաների հետ, այդ երկրների կողմից ԼՂ-ի հետ համագործակցության մի մեծ փաթեթ էր բերել: «Բոլորն այդ ժամանակ Ղարաբաղի հետ ուզում էին գործ ունենալ: Բայց երբ որ ես վերադարձա Հայաստան, պարզեցի, որ այն Ղարաբաղը, որին հասցեագրված էին այդ առաջարկները, այլեւս չկա»,-նկատեց Մանուչարյանը:
NEWS.am-ի հարցին՝ իսկ ի՞նչ էր պատահել այդ Ղարաբաղի հետ՝ ասուլիսի հյուրը կարճ արձագանքեց. «Ղարաբաղի նախագահը դարձել էր այլ երկրի (Հայաստանի) վարչապետ»: Խոսքը ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, իսկ այնուհետ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է:





























