Արդեն ավելի քան մեկ տարի է նավթային դիվանագետները փորձում են պայմանավորվել նավթի արդյունահանման մակարդակի՝ ու դրա հետեւանքով նաեւ նավթային գների կայունացման հարցի շուրջ: Խնդիրն այն էր, որ էմիսարները պետք է դուրս գային նավթային կարտելի՝ Նավթ արտադրող երկրների կազմակերպության ( ՆԱԵԿ) շրջանակներից ու պայմանավորվեին նաեւ մյուս արդյունահանողների հետ: 1999 թ գործարքը հիշեցնող «գաղտնի գլոբալ գործարքի» մանրամասներն է մեջբերում Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալությունը նշում է, որ նավթային անկման ութ ամսում առաջին անգամ չորս երկրներ՝ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը ու Վենեսուելան, որոնք համարվում են նավթի արդյունահանման լիդերներ,պայմանավորվել են սառեցնել արդյունահանումը 2016 թ. հունվարի մակարդակում, ինչն արդեն իսկ արժանի ավարտ է երկարատեւ «գաղտնի բանակցությունների» համար, նշում են գործակալության աղբյուրները, հայտնում է Gazeta–ն:
Հիմա նավթային դիվանագետների առաջ ավելի բարդ խնդիր է՝ մյուս երկրներին էլ համոզել, որ անհրաժեշտ է հրաժարվել շուկայում մասնաբաժնի համար պատերազմից ու միանալ արդյունահանումը սառեցնելու մասին համաձայնությանը: Սակայն հիմնական խոչընդոտը կարող է դառնալ Իրանը, նշում են աղբյուրները: Իսլամական հանրապետությունը, որի դեմ պատժամիջոցները վերջերս են չեղարկել, նոր է սկսում իր լիարժեք վերադարձը նավթի շուկա: Իրանը ուզում է վերադարձնել իր նախկին դիրքը շուկայում, որից զրկվել է պատժամիջոցների հետեւանքով:
Սակայն արդյունահանման մակարդակի սառեցման ընդհանուր ձգտումը նավթային երկրներին մոտեցնում է փառահեղ գործարքի, նշում է գործակալությունը: Նոր համաձայնագիրը շատ է հիշեցնում ՆԱԵԿ 1999 թ. որոշումը, երբ երկրները կրճատեցին նավթի արդյունահանման ծավալները, ինչը հանգեցրեց նավթի գնի ռեկորդային աճի՝ ընդհուպ մինչեւ բարելի դիմաց 140 դոլար:





























