Նավթարդյունահանող երկրների (Ռուսաստան եւ ՕՊԵԿ 3 անդամ) վերջին հանդիպման արդյունքը դարձավ նավթի արդյունահանման ծավալները հունվարի 11-ի մակարդակին սառեցնելու մասին համաձայնությունը։ Նշենք, որ խորհրդային տնտեսական տեսության համաձայն (որը իդեալական էր համարում պլանային տնտեսությունը) ֆյուչերսները շուկայում տրիվիալ սպեկուլյացիաների ձեւերից մեկն է։ Այդ պնդումն իհարկե ճշմարտության հատիկ ուներ։
Ցանկացած իրադարձություն կարող է հանգեցնել բորսայում գների անկման կամ աճի։ Օրինակ՝ շատ բան կախված է Չինաստանից, որը նավթի խոշորագույն ներմուծող է։ Անցյալ տարի Չինաստանի տնտեսության աճի տեմպը մի փոքր դանդաղել էր (6.8 տոկոս)։ Ընդ որում, առանձին օտարերկրյա փորձագետներ կարծում են, որ պաշտոնական թվերը ամբողջովին չեն արտահայտում իրական պատկերը։
Վերոնշյալ համաձայնությունը բացարձակապես չի նշանակում, որ նավթի շուկայի կայունացման հարցը լուծված է։ Չէ՞ որ հունվարին շատ նավթարդյունահանող երկրներ արդեն հասել էին նավթի հանքահանման առավելագույն ծավալին։ Դրանից բացի, նավթի խոշորագույն արտահանողը՝ Իրանը, պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո հնարավորություն է ստացել մեծացնել նավթի արյդունահանումն ու արտահանումը։ Հարցականի տակ է նաեւ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս նավթարդյունահանող երկրների որոշումը։
Բացի այդ, համաշխարհային գների աճը կարող է նորից բարձրացնել գործարարների հետաքրքրվածությունը ԱՄՆ թերթաքարային նավթի նկատմամբ, որի արդյունահանումն հիմա ընկնում է։ Անցյալ տարի շատ ընկերությունների համար գների անկումը օգնել է փոխհատուցել միայն ժամանակին կատարված մատակարարումների գների փոփոխության ռիսկի ապահովագրումը։
Փետրվարի 18-ին Brent տեսակի նավթի ֆյուչերսները հատեցին բարելի դիմաց 35 դոլարի շեմը։ Ռուսաստանի բյուջեն հաշվարկվել է Urals տեսակի նավթը բարելի դիմաց 50 դոլարի հիման վրա։ Նշենք, Urals ռուսական նավթը Brent-ի գնի նկատմամբ վաճառվում է դիսքոնթով (ներկայումս ավելի քան 3 դոլար մեկ բարելի դիմաց)։ Այստեղից էլ՝ Ռուսաստանի համար ցանկալի միջին գինը կազմում է մոտ 53 դոլար բարելի դիմաց։
Հունվարը տնտեսության համար ամենաանհաջող ամսին է։ Առաջին ամսվա դրությամբ դժվար է դատել հետագա տեղաշարժերի մասին։ Սակայն եթե հունվարին պահպանվում են նախորդ տարվա բացասական միտումները, ապա դա արդեն տագնապի ազդանշան է։ Այդ առումով նոր տարում Ռուսաստանի արդյունաբերության մեկնարկն անհաջող էր։
Ռուսական արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը հունվարին կրճատվել է տարեկան հաշվարկով 2.7 տոկոսով։ Ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է մշակող արդյունաբերության լուրջ անկումը՝ 5.6 տոկոս։ Մի շարք հիմնական ոչ պարենային ապրանքների արտադրության ծավալները հունվարին կրճատվել են։ Օրինակ՝ ավտոմեքենային բենզինի ծավալները՝ 5.8 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 5.2 տոկոսով։ Սպառողական պահանջարկի էական անկումը հանգեցրել է մարդատար մեքենաների արտադրության հսկայական անկման՝ ավելի քան 40 տոկոս։
Մի շարք հիմնական շինանյութերի արտադրության ֆիզիկական ծավալը նույնպես պակասել է։ Հունվարն իհարկե մեծամասշտաբ շինարարական աշխատանքների ամիս չէ, սակայն շինանյութերի արտադրության անկումը տարեկան հաշվարկով ցույց է տալիս շինարարության ոլորտում աշխատանքի ծավալների կրճատումը (որտեղ ներգրավված են մեր աշխատանքային միգրանտներից շատերը)։
Երկնիշ գնաճը, դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումը, գործազրկության աճը ազդել են ռուսաստանաբնակ գասարբայթերների վրա։
Դատելով որոշ միջինասիական հանրապետությունների հայտարարություններից՝ Ռուսաստանից աշխատանքային միգրանտների զանգվածային վերադարձ է սկսվել։ Դրանք հիմնականում ցածր վարձրատրվող աշխատանք էին կատարում։ Միջին վարձրատրությամբ աշխատող գասթարբայթերների վերադարձը հարցականի տակ է։
Ռուսաստանում տիրող իրավիճակը լրջորեն ազդում է Հայաստանի տնտեսության վրա։ Աշխատանքային միգրացիայի նշանակության մասին մեկ փաստ ներկայացնենք. 2013թ. Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարի չափը գերազանցում էր մեր արտահանման ծավալները: Հաշվի առնենք նաեւ այն, որ փոխանցումներից բացի, մեր միգրանտները հայրենիք վերադառնալիս հաճախ իրենց հետ բերում են արտասահմանում վաստակած գումարը: Հիմա դրա հոսքը նկատելի պակասել է:
Սմբատ Գրիգորյան





























