Հանքարդյունահանման արտոնագիր ունեցող Հայաստանի 26 մետաղական հանքերից արտադրանք են տալիս 10-ը (2014թ-ի տվյալներով): Ամենախոշորը Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն է, որն ապահովում է մետաղական հանածոների արդյունահանման ոլորտի ընդհանուր շրջանառության մոտ 60 տոկոսը, իսկ վերջին տարիներին ոլորտի կողմից պետական բյուջե վճարվող հարկերի եւ ռոյալթիների ընդհանուր ծավալում Զանգեզուրի մասնաբաժինը կազմել է ավելի քան 80 տոկոս, գրում է «ԷկոԼուրը»: Նրանից զգալիորեն հետ են մնում Թեղուտի, Ագարակի, Սոտքի, Կապանի հանքավայրերը: Ինչ վերաբերում է մնացածներին, ապա նրանց ներդրումը գործնականում աննշան է:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս ֆոնի վրա իմաստ չկա խոսել տնտեսության զարգացման կայունության մասին, երբ հանքարդյունաբերությանը տրված առաջնահերթությունը տնտեսապես հիմնավորված չէ: «Սա միակ ոլորտն է, որտեղ վճարված հարկերի չափը 70%-ով ավելի է, քան հանքարդյունաբերության բաժինը տնտեսության մեջ»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Ուշադրություն դարձնենք այս ոլորտի ցուցանիշների վրա: 2015թ-ին Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներով Հայաստանի հանքարդյունաբերության մեջ գրանցվել է 5.2 %-ի աճ այն դեպքում, երբ մետաղական հանքանյութի արդյունահանումն աճել է 51.5%-ով: « Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ձեւավորված տնտեսական զարգացման տեսակն անկայուն է, եւ թեեւ երկրում նախկինում  ՀՆԱ-ն աչքի էր ընկնում  աճի բավական բարձր տեմպերով,  այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ տարիների ընթացքում մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին,  մինչ օրս  ամբողջությամբ չեն օգտագործվում արդյունավետ տնտեսվարման հնարավորությունները»,- նշեց Վահագն Խաչատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում եւ հղում արեց ՀՀ բնապահպանության նախարարության 2007-2011թթ. Զեկույցի վրա, որտեղ ասված է, որ տնտեսության զարգացման արդյունքում պատճառված վնասի չափը կազմում է 6-10%: