«Արդյոք „Մադրիդյան սկզբունքները“ ընդունելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար»։ Այս հարցադրմամբ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը 2021 հոգու շրջանում հարցում է անցկացրել։ Հարցվածների մեծամասնությունը՝ 61,30 տոկոսը, բացասահան պատասխան է տվել։ Մադրիդյան սկզբունքները ընդունելի են միայն հարցվածների մոտ 24,34 տոկոսի համար,իսկ 14,25 տոկոսը չգիտի՝ ընդունելի են, թե ոչ։

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով արդյունքները, նաեւ նշեց, որ երկու հասարակություններում էլ բացակայում են որեւէ փոխզիջման գնալու տրամադրությունները։

Թերեւս դա պայմանավորված է նրանով, որ ինչպես քաղաքագետն է նկատում. «մադրիդյան սկզբունքներում մեզ համար մի շարք անընդունելի կողմեր կան, հատկապապես՝ կապված Լաչինի եւ Քելբաջարի հիմնահարցերի հետ»։

Իսկ այդ տրամադրություններ հաղթհարելու քաղաքագետը երկու տարբերակ է տեսնում, այն է, որ իշխանությունները կամ պետք է փորձեն համոզել երկու հասարակություններին ընդունել մադրիդյան սկբունքները եւ խախտեն ստատուս քվոն, կամ էլ համակարծիք լինեն սեփական հասարակության հետ եւ մերժեն այս փաստաթուղթը, ինչը ըստ Դիլանյանի, անորոշ ապագա կապահովի։

Նշենք, որ հարցումն անց է կացվել ինտերնետով՝ 18-40 տարեկան հայերի միջեւ։ Այն ուղարկվել է 3651 մարդու, սակայն միայն 2021 է մասնակցել հարցմանը։

Հիշեցնենք, որ մադրիդյան սկզբունքների ընդունումը ենթադրում է

1.Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո

2. Լեռնային Ղարաբաղի անցումային կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության եւ ինքնակառավարման ապահովում

3. Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղին կապող միօջանցք

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավական պարտադիր հետեւանքով՝ կամարտահայտության միջոցով

5.Բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք

6. Անվտանգության միջզագային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություներ։: