Ռուսական ՌՏՈՒ-ի կողմից սիրիացի քրդերին տրամադրվող օգնությունը Սիրիայում նոր փոփոխություններ է առաջ բերում, գրում է  Huffington Post-ի վերլուծաբան Ջոզեֆ Միկալլեֆը:  

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը, օգնելով սիրիացի քրդերին եւ կառավարական զորքին, միանձնյա փոխում է Սիրիայի մարտադաշտերում ուժերի դասավորությունը:  Սիրիական ժողովրդավարական բանակը քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ միասին առաջանում է սիրիա-թուրքական սահմանի երկայնքով. սահմանի գրավման դեպքում քրդերը կփորձեն   քրդերով բնակեցված թուրքական հողերը միացնել Սիրիայի հյուսիսում գտնվող Արեւմտյան Քուրդիստանին  (Ռոջավային):

Սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի գերակա նպատակն է թույլ չտալ իր հարավային սահմանների մոտ քրդական ինքնավար պետության ստեղծում, իր կարեւորությամբ երկրորդ նպատակը Ասադի վարչակարգի տապալումն է եւ Սիրիայում սուննի կառավարության ստեղծումը, գրում է փորձագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնահատակ ավերվել է: Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը», — կարծում է պորտալի վերլուծաբանը: 

Անկարայի համար իրավիճակն օրեցօր վատանում է. Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի հետ հակամարտության վիճակում, ինչը հղի է երկու երկրի միջեւ ռազմական ուղղակի բախմամբ, եթե Անկարան որոշի ներթափանցել Սիրիա, հավելում է վերլուծաբանը: Բացի այդ, ԻՊ-ի հանդեպ թուրքական քաղաքականության երկիմաստությունը, ինչպես եւ Անկարայի` քրդերի դեմ պայքարի վրա կենտրոնացածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության նախապայման  են: 

Սիրիայում գործող ամերիկյան հատուկ ստորաբաժանումները գիտեն, որ Անկարան աջակցում է ԻՊ-ի գրոհայիններին, նշում է Միկալլեֆը: Ռեյդերից մեկի ժամանակ հատուկ ջոկատայիններին հաջողվել էր վերացնել ԻՊ-ի  «ֆինանսների նախարարին», որը համակարգում էր Սիրիայում եւ Իրաքում գազի անօրինական արդյունահանումը: Բացի այդ,   վկայություններ են ստացվել այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Թուրքիա սեւ ոսկու մաքսանենգ ներմուծման մասին եւ հավանաբար մատների արանքով էին նայում դրան: 

Վաշինգթոնը հասկանում է նաեւ, որ թուրք-քրդական հակամարտության շարունակումը կասկածի տակ է դնում ԻՊ-ի գրոհայինների դեմ կոալիցիայի արշավը, նշում է  Huffington Post-ի սյունակագիրը: Եթե Անկարայի համար քրդերի հաջողությունից ավելի սարսափելի ոչինչ չկա  (իսկ նրանց համար անվիճելի հաջողություն կդառնա սիրիա-թուրքական սահմանին ինքնավար պետության ստեղծումը), ապա ԱՄՆ-ի համար քրդերը ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետ գործիք են դարձել: Երբ Վաշինգթոնը ձախողվեց սիրիացի   «չափավոր» ընդդիմադիրներին աջակցելու գործում, ԱՄՆ-ն ուշադրությունը կենտրոնացրեց քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների եւ Սիրիայի Ժողովրդավարական ուժերի վրա եւ սկսեց օդից աջակցություն տրամադրել նրանց:  Դա չէին կարող չնկատել Անկարայում. այնտեղ ամերիկացիներից պահանջեցին դադարեցնել քրդերի հետ կապերը, իսկ 2015-ի դեկտեմբերին Վաշինգթոնը ժամանակավորապես դադարեցրեց  աջակցությունը քրդերին, որոնք անցել էին Եփրատը եւ փորձում էին ճամփա բացել դեպի սիրիա-թուրքական սահման, բայց հետո օդից օգնությունը վերականգնվեց:   Դիվանագիտական մակարդակում եւս համաձայնություն չկա. Թուրքիան Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները Քուրդիստանի բանվորական կուսակցության մաս է համարում, այսինքն` ահաբեկիչներ, եւ Վաշինգթոնն ուզի դա, թե ոչ, ԱՄՆ-ը պատրաստ չէ նման քայլի դիմել: 

Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ ինքը` Վաշինգթոնը Անկարայի աջակցության կարիքն ունի մասնավորապես Ինջիրլիկ թուրքական ռազմաբազայում, որն ամերիկացիների կողմից օգտագործվում է Սիրիայում օդային արշավի համար, ընդգծում է վերլուծաբանը: 

«Երկու կողմն էլ ԱՄՆ-ից պահանջում են որոշել, թե ում կողմից է. դա Վաշինգթոնի համար ոչ շահավետ իրավիճակ է», — ասված է նյութում: