Գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերներին խորհուրդ է տալիս պտղատու ծառերի փչակները մշակել կրային կաթով, իսկ կարտոֆիլն ավելի խորը ցանել: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գառնիկ Պետրոսյանը` խոսելով մարտյան տաքացումների պայմաններում անհրաժեշտ միջոցառումների մասին:
Նրա խոսքով, կրով մշակումը մանրէազերծում է եւ զերծ պահում գերջերմացումից, ինչը շատ կարեւոր է մարտյան` սովորականից ավելի տաք եղանակի պայմաններում: Դրանից ելնելով` անհրաժեշտ է անհապաղ հակասնկային դեղամիջոցներ քսել:
Գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս կարտոֆիլը մի քանի սմ-ով ավելի խորը ցանել վեգետացիան պահպանելու համար: Եթե սովորաբար այն ցանում են 10 - 12 սմ խորության վրա, խորհուրդ ենք տալիս` 14 – 16 սմ-ը, որպեսզի գրունտում սածիլների ջերմաստիճանն ավելի ցածր լինի, իսկ վեգետացիան տեղի ունենա նորմալ ժամկետներում: Եթե կարտոֆիլի ընձյուղներն արդեն պատրաստ լինեն դուրս գալ հողից, բայց բացասական ջերմաստիճան ակնկալվի, խորհուրդ է տրվում ցանքի վրա 2 - 4 սմ հող լցնել. փոքր հողատարածքներում` ձեռքով, իսկ մեծերում` կուլտիվատորներով: Քանի որ ցանքաշարերը առայժմ չեն տրոհվել, պետք է դա շատ զգուշորեն անել չվնասելու համար:
Ինչ վերաբերում է պտղատու ծառերին, խորհուրդ է տրվում պտղատու եւ խաղողի այգիներում ճյուղերը եւ որթերը կտրելուց հետո դեն չնետել, դրանք կարող են պետք գալ հնարավոր ցրտահարության դեպքում ծառերի ծխահարման համար:
Պոլիէթիլենային ջերմային ծածկոցներ օգտագործող ֆերմերներին խորհուրդ է տրվում ուշադիր հետեւել դրանց: Ցանկալի է համենայն դեպս լրացուցիչ ծածկոցներ գնել, որովհետեւ ապրիլի վերջին անսպասելի ցրտահարությունները կարող են վնասել բույսերին` որքան ավելի ուշ, այնքան` մեծ կլինի վնասը:
Լոլիկի ցանքը խորհուրդ է տրվում սկսել մարտի 5 – 15-ին, բադրջանինը եւ բողկինը` մարտի 1-10-ը: Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ եթե ծլարձակումը սովորաբար սկսվում 9-10 օրից, այժմ, տաք եղանակի հետեւանքով դա 1-2 օր շուտ կլինի: «Պետք է հետեւել, որ բույսերը չսառչեն: Նույնիսկ մի փոքրիկ անզգուշությունը հղի է հետեւանքներով», – եզրափակել է Պետրոսյանը:




























