Հպարտ եմ, որ հայ-կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն: Այս մասին, մարտի 15-ին, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առջեւ ունեցած իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար մշտապես մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալվել հազարամյակների պատմությամբ եւ համաշխարհային նշանակության մշակութային արժեքներով հարուստ այս եղբայրական հողում: Մեծապես շնորհակալ եմ, մեծարգո´ պարոն Անաստասիադիս, Ձեզ եւ Կիպրոսի իշխանություններին՝ այս ջերմ ընդունելության համար:

Այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք նախագահ Անաստասիադիսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր երկրների մոտեցումները, ուրախությամբ եմ այս փաստը արձանագրում, լիովին համընկնում են:

Երկուստեք կարեւորեցինք վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը, որոնց շնորհիվ նոր տեմպ հաղորդվեց երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական համագործակցությանը եւ կրթամշակութային կապերին։ Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ պահպանելու քաղաքական երկխոսության ինտենսիվությունը եւ աշխատելու համագործակցության օրակարգն առավել բազմազանեցնելու ուղղությամբ, ինչին միտված են սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը։

Հայ-կիպրական համագործակցության զարգացման համատեքստում առանձնակի կարեւորեցինք ռազմական ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը եւ դրա շարունակական ընդլայնումը։

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսեւորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ Նախագահ Անաստասիադիսի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24-ին Երեւան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության քրեականացման օրինագծի ընդունմամբ եւ թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում։

Անշուշտ, համաձայնեցինք, որ առանձակի ուշադրության ու խթանման կարիք ունեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Խոսեցինք այն զարգացումների մասին, որոնք նոր հնարավորություններ են բացում երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Խոսքը Կիպրոսի տնտեսության կայունացման, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ խորացող տնտեսական կապերի, Իրանի ուղղությամբ ի հայտ եկած նոր հնարավորությունների եւ այլ նպաստավոր զարգացումների մասին է:

Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի Հանրապեության կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումը: Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է Կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի համաձայն: Հուսով եմ՝ խանգարողներ չեն լինի, եւ Նախագահ Անաստասիադիսի կողմից կարգավորման ուղղությամբ գործադրվող հետեւողական ջանքերը շուտով արդյունքներ կտան:

Կարեւորեցի Կիպրոսի Հանրապետության շարունակական ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության համատեքստում։ Շնորհակալ ենք այս հարցում նաեւ Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորների ուշադրության եւ աջակցության համար։

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջպետական հարաբերությունները խարսխված են երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների՝ հայ եւ կիպրացի ժողովուրդների դարավոր ջերմ կապերի, հոգեւոր ու մշակութային ընդհանրությունների վրա։ Այս առումով, անշուշտ, շեշտադրեցինք հումանիտար կապերի հետագա զարգացումը՝ մշակութային օրերի անցկացման եւ մշակութային ձեռնարկներին փոխադարձ մասնակցության միջոցով: Ինձ համար շատ խորհրդանշական է, որ վաղը մասնակցելու եմ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հարակից պարտեզում Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման արարողությանը։

Միմյանց մշակույթները հարստացնելու, ինչպես նաեւ քաղաքական հարբերությունները զարգացնելու տեսանկյունից, իհարկե, ընդգծեցինք կիպրահայ ծաղկուն եւ ստեղծագործ համայնքի ներդրումը, որն այդպիսին չէր լինի, եթե չլիներ Կիպրոսի ղեկավարության եւ ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը։

Հպարտ եմ, որ հայ-կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն։ Չէ՞ որ մեզ միավորում են ոչ միայն պատմամշակութային ընդհանրությունները, այլեւ համամարդկային արժեքների վրա հիմնված ապագա կերտելու տեսլականը։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Կիպրոսը շարունակելու են համատեղ աշխատել հանուն այդ ապագայի։ Առավել եւս, որ ես եւ իմ ընկեր Նիկոսն արդեն շատ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք, եւ ինչ էլ անում ենք, անում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար: