Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «ԱրմենՏել» ընկերության դեմ կայացրած որոշումը ընկերությունը շուկայում իր նկատմամբ որպես ճնշում է գնահատում։ Սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «ԱրմենՏելի» իրավաբանական գծով տնօրեն Դավիթ Սանդուխչյանը։ Ըստ նրա՝ «ԱրմենՏելը» վիճարկել է Հանձնաժողովի որոշումները` ընկերությանը 300 մլն դրամով տուգանելու եւ «գերիշխող դիրք» զբաղեցնող համարելու վերաբերյալ: Ընդ որում, Հանձնաժողովը առիթը բաց չի թողել հերթական վարույթը հարուցել «Արմենտելի» դեմ, ինչը «Արմենտելը» գնահատում է որպես իր դեմ ուղղված կողմնակի ճնշում։

«Հանձնաժողովի 79 ա որոշումը, որով «ԱրմենՏելին» 300 մլն դրամ տուգանք է նախատեսվում, ընկերությունը բողոքարկել է դատարանում։ Այս գործի դատական նիստն ամեն անգամ երկարաձգվում է ՏՄՊՊՀ- ի նախաձեռնությամբ։ Միաժամանակ հանձնաժողովի նախաձեռնությամբ, բանակցություն է սկսվել «ԱրմենՏելի» հետ՝ համաձայնության գալու նպատակով»,- տեղեկացրեց Սանդուխչյանը՝ ավելացնելով, որ «ԱրմենՏելի» դիրքերը դատարանում բավականին ամուր են, եւ պատահական չի կարող լինել, որ հենց Հանձնաժողովն է դատական գործընթացին զուգահեռ բանակցություններ նախաձեռնել։

«ԱրմենՏելի» Hi Line ծառայության վերաբերյալ վերջին վարույթն սկսվել է հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ, իսկ ակտը ակնհայտ սխալներով է ընդունվել: Բացի դրանից, Հանձնաժողովը նոր վարույթ է հարուցում «ԱրմենՏելի» սակագների վերաբերյալ»,- ասաց «ԱրմենՏելի» իրավաբանական գծով տնօրենը՝ ընդգծելով, որ մի կողմից Հանձնաժողովի բանակցելու փորձը, մյուս կողմից հավելյալ սխալ վարույթների հարուցումը՝ թույլ է տալիս ենթադրել, որ Հանձնաժողովը համաձայնության չի պատրաստվում, այլ պարզապես ժամանակ է ձգում, որպեսզի ելք փնտրի, թե ինչպես ընկերության պարտադրի վճարել տուգանքը։