Կենդանաբանները հայտնաբերել են, որ խոտակեր մարգագետնային շնիկները, որոնք ապրում են ԱՄՆ արեւմուտքում, սերիական «մարդասպաններ» են: Գիտնականները նկատել են, որ այդ կենդանիները պարբերաբար սպանում են իրենց մրցակիցներին՝ գետնասկյուռներին, հայտնում է Proceedings of the Royal Society ամսագիրը:

Կենդանաբանները նշում են, որ մարգագետնային շնիկները եւ գետնասկյուռները սնվում են միեւնույն խոտով, ապրում են նույն տափաստաններում եւ հաճախ՝ նույն բներում:  Նման հարեւանությունը նրանց ոխերիմ թշնամիներ է դարձնում:

Կոլորադոյում մարգագետնային շնիկների ուսումնասիրության 6-ամյա նախագծի ընթացքում հետազոտողները գրանցել են նրանց կողմից գետնասկյուռների սպանության ավելի քան 100 դեպք: Մրցակիցների դիակները շնիկները սովորաբար թողնում են լեշակերներին: