Մարսի գաղութացումը տեղի կունենա առաջիկա 100 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է բրիտանացի հայտնի գիտնական, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը:

Գիտնականի կարծիքով, Լուսնի գաղութացումը մարդկության համար ավելի դյուրին կլիներ, քան Մարսինը՝ հաշվի առնելով Երկրից դրա հեռավորությունը: Սակայն Կարմիր մոլորակի յուրացումն ավելի հետաքրքիր խնդիր է, քանի որ իսկապես ինքնավար գաղութի ստեղծում է պահանջում:

Ըստ ՏԱՍՍ-ի, Հոքինգը կարծում է, որ Մարսի վրա բնակություն հաստատելու համար անհրաժեշտ են ներդրումներ եւ նոր գիտելիքներ այն մասին, թե ինչպես կարելի է գոյատեւել տիեզերական ռադիացիայի պայմաններում, ինչպես Երկրի սահմաններից դուրս պայքարել կենսական կարեւորության ռեսուրսների բացակայության դեմ: Նա նաեւ վստահ է, որ ապագայում գոյատեւելու համար մարդկությունը ստիպված կլինի լքել մեր մոլորակը:

«Բազմաթիվ սպառնալիքներ կան Երկրի վրա մեր հետագա գոյության համար, օրինակ՝ միջուկային պատերազմը, աղետալի գլոբալ ջերմացումը, գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսները: Եվ այս սպառնալիքների թիվը տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կավելանան: Մենք պետք է կենտրոնանանք տիեզերքի ուղղությամբ եւ այլ աստղեր մեկնենք, որպեսզի Երկրի վրա աղետը մարդկության վերջ չնշանակի»,- ընդգծել է Սթիվեն Հոքինգը: