Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն եւ կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաեւ իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ:
ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Ստեֆան Այերսի եւ հայ հոգեւորականների մասնակցությամբ մատուցվել է Սուրբ պատարագ: Հենց այս եպիսկոպոսական եկեղեցին էր առաջինը, որ դեռեւս 18-րդ դարում ԱՄՆ ներգաղթող հայերին հնարավորություն է տվել Պատարագ մատուցել իր պատերից ներս: Բոստոնի հյուսիսային մասում 1723թ. կառուցված եկեղեցին համարվում է քաղաքի ամենահին եկեղեցական շենքը: ՀՀ նախագահի այցը Ամերիկյան հեղափոխության վրա նշանակալից ազդեցությունն ունեցած հռչակավոր Հին հյուսիսային եկեղեցի նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ-ի անկախության խորհրդանիշներից մեկին եւ գնահատել հայերի նկատմամբ այս եկեղեցու եւ, առհասարակ, անգլիկան եկեղեցու բարյացկամ վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Հայկական ժառանգության պուրակ», որը հիմնվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ դրան հետեւած այլ ցեղասպանությունների զոհերի, ինչպես նաեւ ի փառաբանումն Մասաչուսեթսում եւ Բոստոնում ապաստանած ամերիկահայերի եւ այլ ներգաղթյալ համայնքների մեծ ներդրման: Հանրապետության նախագահը պուրակի հիմնման գործում մեծ դերակատարություն ունեցած Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Պատրիկ Դեւալի, Բոստոնի քաղաքապետարանի ներկայացուցիչների, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Մասաչուսեթսի կոմիտեի համանախագահ Ջեյմս Գալուստյանի, պուրակի կառուցումն իրականացրած «Հայոց ժառանգություն» հիմնադրամի գործադիր կոմիտեի անդամ, Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանի, հիմնադրամի այլ անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել քաղաքային զբոսայգում, որտեղ գտնվում է «Հայկական ժառանգության պուրակը», այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Շրջայցի ավարտին ՀՀ նախագահը նաեւ հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի հուշարձանի մոտ:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրով մարտի 29-ին նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ:




































