Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով Ղարաբաղում իրավիճակի լիցքաթափում տեղի կունենա, հայտնում է  «Գրուզիա On-line»-ը: 

«Չեմ կարող անհանգստություն չհայտնել մեր հարեւանների մոտ իրավիճակի սրման կապակցությամբ: Ուզում եմ հուսալ, որ միջազգային հանրության ջանքերով հնարավոր կլինի լիցքաթափել իրավիճակը, ինչն այնքան կարեւոր է մեր տարածաշրջանում եւ ոչ միայն խաղաղության եւ կայունության համար», - հայտնել է Վրաստանի վարչապետը: 

Իր հերթին Վրաստանի ԶՈՒ-ի պետ Վախթանգ Կապանաձեն հայտնել է, որ Վրաստանը պիտի միջնորդի դեր խաղա ղարաբաղյան կարգավորման գործում: 

«Շատ ափսոս, որ մի շարք պատճառներով չհաջողվեց խաղաղ եղանակով լուծել այս խնդիրը: Սա ամբողջ տարածաշրջանի համար ցավոտ գործընթաց է: Այնպես որ, մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձություններին: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Ադրբեջանում եւ Հայաստանում մեր գործընկերների հետ, մենք լիարժեք տեղեկատվություն ենք ստանում», - ասել է Կապանաձեն եւ հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի իրավիճակը տեղափոխել խաղաղ փուլ եւ դադարեցնել կրակը: