Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի եւ Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատեւի միջեւ։

Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատեւը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի անունից լիակատար աջակցություն եւ զորակցություն է հայտնել Արցախին եւ հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։