Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ միջազգային հանրությունը։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք այս իրավիճակում ճիշտ կլինի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, փոխանցում է «Արցախ TV»-ն։
«Այս իրավիճակում ճիշտ կլինի ողջ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ արդյունավետ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։




























