Ադրբեջանը Ռուսաստանից «Սմերչը» չէր գնում նավթ տեղափոխելու նպատակով, այլ Արցախի, Հայաստանի վրա կրակելու նպատակով: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, նախկին արգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Երկու տարի խոսում ենք դրա մասին` եթե քո ստրատեգիական բարեկամը վաճառում էր «Սմերչը», մենք ասում էինք պատից կախված հրացան էր: Հո դա չէին տանում նավթ տեղափոխելու համար, տանում էին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա կրակեն: Եթե որեւէ մեկը դա չէր հասկանում, հիմա երեւի թե հասկանում են, իրենք տվել են, իրենք էլ թող հայտարարեն ու կոչ անեն, որ այդ զենքը չկիրառվի խաղաղ բնակչության դեմ»,-ընդգծեց Արզումանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ զինադադարի նոր պայմանագիր կնքելու հնարավորությանը, պատգամավորն ասել է. «Զինադադարի պայմանագիր 1994-ին արդեն ստորագրվել է ու դրա հետ մենք որեւէ խնդիր չունենք: Եթե առաջարկ է արվում Ադրբեջան-Ղարաբաղ նոր պայմանագիր կնքելու մասին, դրան կողմ եմ, բայց Հայաստանն այստեղ անելիք չունի: 1994-ի պայմանագիրը լուրջ քննարկումների, բանակցությունների, զիջումների արդյունք է, եւ կողմերը հասկացել էին, որ պետք է առաջնորդվեն պայմանագրի ոգով եւ տեքստով, ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանագիրը: Պետք է ստիպել Ադրբեջանին չխախտել, իսկ նոր պայմանագրի կարիք չկա»:

Արզումանյանը նշել է, որ Ադրբեջանի խնդիրն է մեկ քառակուսի գրավել եւ իր ժողովրդին ասել, որ կարողացան, Հայաստանի խնդիրն է թույլ չտալ: «Եվ եթե պետք լինի եւ դա բխի ռազմական գործողությունների տրամաբանությունից, գուցե ավելի ամրապնդել ու խորացնել մեր դիրքերը: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր որեւէ տալիք չունեն հակառակորդին, պետք է պահպանեն այն դիրքերը, որը պահպանել են 94-ից սկսած»,-ընդգծել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։