ԵՏՄ-ում որոշել են Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ հետաձգել Երեւանում վարչապետների գագաթնաժողովը։ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ գագաթնաժողովը կարող է գնահատվել որպես կողմերից մեկին ցուցաբերած աջակցություն։ Այս մասին հայտնել են ՌԴ կառավարությունից։
ՌԲԿ-ի հետ զրույցում ՌԴ կառավարությունից հայտնել են, որ գագաթնաժողովին Մեդվեդեւի մասնակցությունը չեղարկվում է, եւ դա այն դեպքում, երբ վարչապետի այցը նախապատրաստող խումբն արդեն մեկնել է Երեւան։ Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Երեւանում հանդիպման չեղարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների վարչապետների հետ նման միջոցառմանը մասնակցելը կարող է գնահատվել որպես հակամարտության կողմերից մեկին ցուցաբերած օգնություն։
Ռուսական պատվիրակության անդամներին արդեն տեղյակ են պահել, որ պլանները փոփոխվել են։ Գագաթնաժողովը չեղարկելու մասին տեղեկությունը հաստատել է ԵՏՄ անդամ երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա ավելի ուշ։
Անդրադառնալով Երեւանում գագաթնաժողովի հնարավոր չեղարկման մասին տեղեկություններին՝ Մեդվեդեւի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան սահմանափակվել է միայն հայտարարությամբ, թե Մոսկվան սպասում է ԵՏՄ պաշտոնական որոշմանը։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պետք է ապրիլի 7-8-ին այցելեր Հայաստան եւ կմասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Հաղորդվում էր, որ Ռուսաստանի վարչապետն այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկական, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Նախատեսված էր նաեւ մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում:




























