ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` Երեւան այցի վերաբերյալ որեւէ փոփոխություն առայժմ չկա: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:   

Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵՏՄ-ում որոշել են չեղյալ համարել Երեւանում վարչապետների գագաթնաժողովը եւ տեղափոխել ավելի ուշ ժամկետի Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ: Մեդվեդեւի մասնակցությամբ գագաթնաժողովը կգնահատեին որպես աջակցություն կողմերից մեկին: 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան մարտի 24-ին ազդարարվել էր ռուսաստանյան կառավարության կայքում:  Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ապրիլի    7–8-ին Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կայցելի, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի (Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմինը) նիստին, ինչպես նաեւ բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսված է քննարկել երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկական, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում, ասված է Մեդվեդեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: