«ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) լուրջ մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման եւ զոհերի մասին հաղորդագրությունների առնչությամբ... ՄԽՎ-ն շահագրգիռ կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմը վերականգնելու եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը կարգավորելու համար»,- ասված է ՄԽՎ Խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարության մեջ:

Մատվիենկոն հիշեցրել է, որ հենց ՄԽՎ-ի միջնորդությամբ է 1994 թվականին ստորագրվել Բիշքեկի արձանագրությունը, որն այս տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման իրավական հիմք է դարձել:

«ՄԽՎ-ն հետեւողականորեն սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը եւ բանակցային գործընթացին աջակցությունը՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը»,- ասված է հայտարարությունում: